Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ում դիմումներ կան123 հայ գերիների վերաբերյալ


Հայաստանին վերադարձված երեք գերիները տարեց մարդիկ են, մեկ կին և երկու տղամարդ Շուշիի, Ասկերանի ու Հադրութի շրջաններից։

Նրանցից մեկը 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է, ադրբեջանական կողմը ավելի վաղ ծերունուն նվաստացնող տեսանյութ էր տարածել։ Կույր մարդը պարզապես չէր հասցրել հեռանալ Շուշիից և Ադրբեջանի հսկողության տակ էր մնացել իր քաղաքի հետ միասին։

Արցախի օմբուդսմենի փոխանցմամբ, նախնական տեղեկությամբ, բոլորի առողջական վիճակն էլ վատ է։

«Հստակ վիճակը, խնդիրները, պատճառները և այլն ճիշտ կլինի, որ պրոֆեսիոնալ փորձաքննության արդյունքներով կարողանանք արձանագրել», - հավելեց Արտակ Բեգլարյանը։

123 հայ գերիների վերաբերյալ դիմումներ կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նրանցից 28-ը խաղաղ բնակիչներ են, քաղաքացիական անձինք, մնացածը ռազմագերիներ են։ Միայն երեկ Ստրասբուրգի դատարանում Հայաստանի ներկայացուցիչը 15 նոր դիմում է ուղարկել, այդ թվում պատերազմի ավարտից հետո Բերձոր մեկնած ու ճանապարհին անհետացած երկու լիբանանահայերի՝ Մարալ Նաճարյանի ու Վիգեն Էուլջեքյանի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը օրեր առաջ Վիգենին ներկայացրել էր որպես վարձկան ահաբեկիչ ու քրեական հինգ մեղադրանք ներկայացրել։

«Զավեշտալի է, որ իրեն փորձում են վարձկան ներկայացնել։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի կոշտ պրոպագանդան է», - որակեց Բեգլարյանը։

Ադրբեջանի տարածած տեսանյութից հարազատների համար պարզ դարձավ, որ Վիգենը ողջ է, գերեվարված է, իսկ Մարալի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

Մարալի քույրը՝ Անի Նաջարյանը այժմ սպասում է, թե երբ Ադրբեջանը կպատասխանի Ստրասբուրգի դատարանից ստացած հարցերին։

Հայ գերիների վերաբերյալ ՄԻԵԴ ուղարկվող միջանկյալ միջոցի կիրառման դիմումներով հայկական կողմն ակնկալում է ստանալ մի քանի հարցերի պատասխաններ՝ հաստատում գերի լինելու վարկածի վերաբերյալ, բժշկական օգնություն մարդը ստացել է թե ոչ, և փոխանակման հնարավորության վերաբերյալ տեղեկատվություն։

Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանն ասում է, որ Ադրբեջանը իր ու գործընկերների կողմից դատարան ուղարկված 57 դիմումներից 15-ին պատասխանել է, բայց տեեղկատվությունը խիստ թերի է, և իրենք այդ մասին դատարանին էլ տեղեկացրել են։

Սիրանուշ Սահակյանի խոսքով, Ադրբեջանը գերեվարվածների մասին անհատական տեղեկություն չի տալիս, հռչակագրային ձևակերպումներ են անում, չկան մարդկանց առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր։

Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ Բենիկ Ավթանդիլյանը նոյեմբերի 11-ից սպասում է տատին ու պապին։ Տարեց ամուսինները պատերազմն ավարտվելուն պես շտապել էին Գիշի՝ տուն վերադառնալ ու գերեվարվել էին ճանապարհին։ Որտե՞ղ ու ի՞նչ վիճակում են 85 և 75 տարեկան մարդիկ․ Եղիշե Կիրակոսյանը Ստրասբուրգի դատարան դիմում է ուղարկել շաբաթներ առաջ, պատասխան դեռ չկա․ - «Դեռևս սպասում ենք։ Որովհետև էն տեղեկատվությունը, որ վերջին անգամ նամակով ներկայացրել էին, սենց մի արտահայտություն էր գրված, որ դեռևս շարունակում փնտրտուքները իրենց մոտ, և նոր տվյալ լինելուն պես կներկայացնեն»։

Քանի՞ հայ գերի է պահվում Ադրբեջանում։ Վերջնական թիվ չկա։ ՄԻԵԴ դիմումներում 123 անուն-ազգանուններ են։ Հայաստանն ու Ադրբեջանը Կարմիր խաչին ցուցակներ են փոխանցել, և դրանք այժմ ճշտվում են ։ Քանի՞ ադրբեջանցի է Հայաստանում։ Պաշտոնապես այդ թիվն էլ չի հրապարակվում։

Երեկ գիշերը ադրբեջանցի է հայտնվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում։ Բյուղը Ադրբեջանի սահմանից մի քանի կիլոմետրի վրա է։

Նաիրա Դաղբաշյանը Բերդավանի հացի փռում է աշխատում, երեկ գիշեր փռի պատուհանը 35-ամյա տղամարդ է թակել՝ թե սոված եմ, հաց տվեք․ - «Ասինք ո՞վ ես, թե ադրբեջանցի եմ։ Հետո էս փռան տիրոջ կինն ասավ՝ դու գիտե՞ս որտեղ ես։ Թե չէ։ Ասինք Հայաստանում ես, թե՝ օօ, կռիվ չեմ ուզում․․․»

Հացթուխները պատուհանը չեն բացել, ադրբեջանցին էլ ասել է, թե Մառնեուլ էր ուզում գնար։ Կանայք ահազանգել են Արտակարգ իրավիճակների ծառայություն, տղամարդը տեղափոխվել է։ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրին, որ քրեկաան գործ է հարուցվել պետական սահմանն ապօրինի հատելու համար, Բերդավանի հյուրը ձերբակալված է։

XS
SM
MD
LG