Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մերժել է Ծառուկյանին մանդատից զրկելու դիմումը. Իշխող խմբակցությունը երկրորդ անգամ դիմելու հնարավորությունը կքննարկի ավելի ուշ


Սահմանադրական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դիմումը վարույթ ընդունել։

Մերժման պատճառը օրենքով սահմանված ժամկետների խախտումն է, «Ազատության» հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը․ - «Համապատասխան հիմնավորումները ժամկետների հետ են կապված, որոշման պատճառաբանական մասում կարտացոլվեն և կհրապարակայնացվեն դատարանի կայքում»։

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մերժման պատճառը տեխնիկական բնույթի է․ Ազգային ժողովի խորհուրդը նիստը հրավիրել է ժամկետների խախտմամբ․ - «Համապատասխան հիմնավորումները ժամկետների հետ են կապված, որոշման պատճառաբանական մասում կարտացոլվեն և կհրապարակայնացվեն դատարանի կայքում»։

Ըստ Կոռւպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Գագիկ Ծառուկյանը խախտել է Սահմանադրությունը և, լինելով ԱԺ պատգամավոր, միաժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այս եզրակացության հիման վրա իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ երկու շաբաթ առաջ հրավիրված նիստում որոշեց Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել բարձր դատարան։

Աժ կանոնակարգի համաձայն Խորհուրդը նիստ պետք է հրավիրեր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում։ Հանձնաժողովի Ազգային ժողով է դիմել նոյեմբերի 3-ին, սակայն խորհուրդը նիստ էհրավիրել նոյեմբերի 16-ին՝ խախտելով Աժ կանոնակարգով սահմանված ժամկետը։ հենց այս պատճառաբանությամբ էլ ՍԴ-ն մերժել է։ Թեև դատավոր Շաթրիյանը կողմ է եղել, որ, այդուհանդերձ, դիմումը վարույթ ընդունեն․ - «Ես գտել եմ, որ պետք է ընդունվի վարույթ և դառնա ըստ էության քննարկման առարկա։ Թե ըստ էության քննարկման արդյունքներով դատատանը ինչ որոշում կկայացներ, սա արդեն ուրիշ հարց է»։

Իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի կարծիքով, ժամկետը խախտվել է հիմնավոր պատճառով։ Ըստ պատգամավորի հաշվարկների, իրենք պետք է նիստ հրավիրեին նոյեմբերի 10-ին, սակայն նոյեմբերի 9-ի գիշերվանից «մի խումբ մարդիկ զավթել էին խորհրդարանը», որտեղ օրեր շարունակ քննչական գործողություններ էին կատարվում, և պատգամավորները չէին կարող աշխատանքի գալ․ - «Եթե ես չեմ սխալվում, որ մեզ իրավապահները ասեցին, որ մենք կարող ենք աշխատանքի ներկայանալ, կարծեմ 14 կամ 15-ն ա էղել։ Այսինքն՝ խորհրդարանի բնականոն աշխատանքը հենց վերականգնվել ա, արդեն 16-ին էլ էդ արտահերթ նիստը հրավիրվել է»։

Պատգամավորի համոզմամբ, Սահմանդրական դատարանը կարող էր չմերժել դիմումը ձևական սխալի հիմքով, քններ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը, և որոշում ընդունելիս եզրակացնել, թե արդյոք ձևական սխալը դիմումի վերջնական ելքի համար էական խախտում դիտվում էր․ - «Դա էլ կարող էին, ասենք, դիմումը նիստում արդեն քննելով որոշեին։ Հիմա, ըստ ձեր ներկայացրածի, իրենք այդ ձևական սխալի հիմքով որոշել են մերժել վարույթի ընդունումը»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ, Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը քաղաքական հաշվեհարդար է, և Սահմանադրական դատարանը չէր կարող հիմնազուրկ դիմումն ընդունել վարույթ․ - «Որևէ ապացույց, որ ապացուցի, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, սույն կինը չկարողացավ ներկայացնել։ Ես կարծում եմ, Սահմանադրական դատարանը, որտեղ լուրջ իրավաբաններ են, չէր կարող նման ծիծաղելի, որևէ հիմնավորումից զուրկ թուղթը ընդունել վարույթ»։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, իշխող ուժի չի բավարարվի Սահմանադրական դատարանի մերժմամբ և կփորձի ուղիներ գտնել Ծառուկյանին մանդատից զրկելու համար, քանի որ, ըստ Զոհրաբյանի, դա անձամբ Նիկոլ Փաշինյանի պատվերն է․ - «Կրկին փորձելու տարբերակը Նիկոլի դեպքում չի բացառվում։ Բայց ամեն դեպքում, եթե իրենք փորձելու են էդ ճանապարհով գնալ, ապա որևէ փաստ իրենք չեն կարողանալու ներկայացնել, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ»։

Արդյո՞ք ընդդիմադիր կուսակցության ղեկավարին մանդատից զրկելու համար իշխանական խմբակցությունը երկրորդ անգամ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ունի։ Թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավար Հայկուհի Հարությունյանը, թե՛ պատգամավոր Հովակիմյանը հրաժարվեցին հարցին պատասխանել, քանի դեռ Սահմանադրական դատարանի մերժման պատաճառաբանությունը չեն ուսումնասիրել։ Իսկ այդ որոշումը Բարձր դատարանը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

XS
SM
MD
LG