Մատչելիության հղումներ

ԱԺ խորհուրդը Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծ է հրապարակել


Ազգային ժողովի խորհուրդը Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագիծ է հրապարակել:

Որոշման նախագծում նշված է, որ խորհուրդը հիմք է ընդունել Սահմանադրության 95-րդ հոդվածը (Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը, այն է՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից), ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» եզրակացությունը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Լենա Նազարյանի գրությունը, որով Նազարյանը տեղեկացնում է, որ այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում է նաև Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Նազարյանը խնդրել է Ծառուկյանին ներկայանալ նիստին։

Զոհրաբյանը սա քաղաքական բռնաճնշում է որակում։

«Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։ Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաև պատգամավորական մանդատից։ Եւ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ», - գրել է Զոհրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG