Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները մինչև երեքշաբթի վերջնաժամկետ տվեցին Փաշինյանին՝ հրաժարականի համար


Ընդդիմադիր ուժերը վերջնաժամկետ տվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը հրաժարական ներկայացնելու համար:

17 ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ պահանջը չկատարելու պարագայում, կոչ են անելու հանրությանը դիմել զանգվածային անհնազանդության ակցիաների:

«Մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որպեսզի Նիկոլը իր քաղաքական թիմի, խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա: Նիկոլ, սրանք քո վերջին ժամերն են, որ բնակվում ես Կառավարական ամառանոցում: Մենք երկու հարց կարող ենք քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը և ժամը, և երկրորդ՝ խոստանանք, որ ֆիզիկական հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու», - հայտարարեց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ 17 ուժերի վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը. «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ ինքը ինչքան շուտ կամավոր հրաժարական տա, այնքան իրեն լավ: Շարժումը չհաղթեց՝ գազազած ժողովուրդ իրեն կհոշոտի: Այս շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում, ձախողվեց՝ ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»:

Մանուկյանն իր ելույթի ընթացքում ասաց, որ ձևավորվելու է ժամանակավոր կառավարության՝ ներկայացնելով այդ կառավարության խնդիրները:

«Մենք երբեք չենք հաշտվի եռակողմ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը, փաստորեն, աշխատում է, և մենք չենք կարող փոխել, չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, դա կնշանակի նաև խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Մենք հիմա Նիկոլի շնորհիվ այդպիսի վիճակ չունենք, անգամ Սոթքը չենք կարողանում պահել, այս վիճակում ի՞նչ ենք անելու: Բայց այդ պայմանագիրը կազմված է բավականին փնթի, բավականին բացթողումներով և այնտեղ տասնյակ էջեր պետք է լինեին, թե ոնց է դա մեկնաբանվելու: Այդ նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնել ի օգուտ Հայաստանի», - ներկայացրեց նա:

17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն նշեց, որ հաջորդ կարևորագույն հարցը կապված է անվտանգության հետ:

«Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, վերականգնել մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ: Անվտանգության հարցի մեջ մտնում են նաև մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստանից բացի մենք ունենք էլի դաշնակիցներ, պետք է վերականգնել այդ դաշնակցային հարաբերությունները, վստահությունը», - նշեց նա:

Մանուկյանն ընդգծեց՝ նորից պետք է մտնենք բանակցային պրոցեսի մեջ. «Մեզ համար դա շատ կարևոր է»:

Հաջորդ խնդիրը, ըստ նրա, անհետ կորածների, գերիների, վիրավորների հարցն է, զոհվածների ընտանիքներին, Արցախից Հայաստան տեղափոխվածներին օգնելու հարցն է:

«Ամեն մի պարտությունից սկսվում է հաղթանակը, մենք կարճ ժամանակում պետք է ծնկից կրկին ոտքի կանգնենք, նորից ինքնավստահություն ձեռք բերենք, հավատանք մեր ուժերին, գնանք առաջ: Պարտությունից հետո պետք է ունենանք հաղթանակներ և նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը: Խոչընդոտներ շատ կան, բայց հիմա գլխավոր խոչընդոտը, որը թույլ չի տալիս մեր ժողովրդին առաջ գնալ, դա Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա, թող հեռանա կամավոր», - ասաց Վազգեն Մանուկյանը:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան նաև այլ ուժերի ներկայացուցիչներ՝ Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Ներկա չէր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում հանրահավաքի մեկնարկից րոպեներ առաջ իրավապահ մարմինները հրավիրել էին հարցաքննության: Ծառուկյանի ելույթն ընթերցեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Բոլոր ելույթ ունեցողների հայտարարությունների առանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG