Ամերիկյան Կոնգրեսում ժամեր անց քվեարկության կդրվի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումը և հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը դատապարտող բանաձև։
Լեռնային Ղարաբաղում հինգերորդ օրը շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ ամերիկացի օրենսդիրները փորձում են ոչ միայն հասնել հարձակումը դատապարտելուն, այլ նաև ստիպել վարչակազմին փոխել ամերիկյան քաղաքականությունը, որը թույլ կտա կրճատել ամերիկյան ռազմական օգնությունը Իլհամ Ալիևի ռեժիմին և պատժամիջոցներ սահմանել Ռեջեփ Էրդողանի դեմ՝ համաճարակի պայմաններում տարածաշրջանային պատերազմ հրահրելու համար, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
Փաստաթուղթը ներկայացրել է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ջեքի Սփայերը:
Արտահերթ կարգով շրջանառության մեջ դրված նախագիծը բացի ռազմական հարձակումն ու Թուրքիայի մասնակցությունը դատապարտելուց նաև կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբին «ապահովել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ հարձակողական ռազմական գործողությունների դադարեցման և շփման գծի երկայնքով դիտարկման մեխանիզմների ներդրումը», ինչին պաշտոնական Բաքուն կտրականապես դեմ է:
Դեռևս 2015 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին առաջարկել էին շփման գծում հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ ներդնել՝ մահացու հարձակումները կանխելու նպատակով։ Երևանը հավանություն է տվել առաջարկին, Բաքուն նախապայմաններ է առաջ քաշել . - «Այդ մեխանիզմների ստեղծումը կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այն չի ծառայելու այժմյան ստատուս քվոյի պահպանմանը, չի արդարացնելու օկուպացումը», - հայտարարել էր Ադրբեջանի այժմ նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս հայտարարությունից ամիսներ անց էլ տեղի ունեցավ 2016 թվականի քառօրյա պատերազմը:
Կոնգրեսական Սփայերի նոր նախաձեռնությունը հավանության է արժանացել ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական ճամբարում։ Փաստաթղթին իրենց աջակցության մասին են հայտարարել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, Բրեդ Շերմանը, ովքեր վերջին օրերին տարբեր հարթակներում իրենց աջակցությունն են հայտնել հայկական կողմին և դատապարտել թուրք-ադրբեջանական համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ: Կոնգրեսականների այս խումբը նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին էր դիմել՝ հորդորելով վճռական քայլեր ձեռնարկել և դատապարտել Ադրբեջանի սադրիչ ագրեսիան ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մեջ Թուրքիայի կործանարար դերակատարումը:
Նոր բանաձևի նախագծի հեղինակները հիշեցնում են Բաքվի նախաձեռնած հարձակմանը նախորդած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանության, ապակայունացնող քայլերի մասին։
Ջեքի Սփայերը վկայակոչել է Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու մասին Բաքվից հնչած սպառնալիքները, անդրադարձ կա նաև Թուրքիայի կողմից սիրիացի վարձկան զինյալներ Ադրբեջան ուղարկելու մասին փաստերին:
Կոնգրեսականը ներկայացրել է նաև հայկական կողմի պնդումները, որոնց համաձայն՝ թուրքական F-16 կործանիչները հայտնվելով Հայաստանի օդային տարածքում ՝ թիրախավորել և խոցել են հայկական ռազմական օդանավը։
Ամերիկյան արտադրության F-16 կործանիչները, որոնք թուրքական օդուժի ամենամեծ ձեռքբերումներից են, դաշնակից Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների ամենակնճռոտ հարցերից է: Չնայած նախնական պայմանավորվածություններին, Վաշինգտոնը չէր շտապում ավարտին հասցնել խոշոր ռազմական գործարքը՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Շաբաթներ առաջ ամերիկյան մամուլը գրել էր, որ Կոնգրեսի մի խումբ անդամների ջանքերով Թուրքիայի հետ սպառազինության վաճառքի բոլոր խոշոր գործարքներն առնվազն երկու տարով սառեցվել են:
Անցած հուլիսին էլ հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական բախումների ֆոնին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչները պալատը հաստատել է փոփոխություններ ռազմական օգնության հատկացումների մասին օրենսդրությունում, որի շրջանակում անցած տարիներին Ադրբեջանն ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն էր ստացել: Ընդունված փաստաթղթի համաձայն՝ այսուհետ ամերիկյան դիվանագիտական և ռազմական գերատեսչությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն օրենսդիր մարմնին ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների զորամիավորումների մասին, որոնք ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում կարող էին խախտել միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքները։ Փորձագետների գնահատմամբ՝ օրենսդրական այդ փոփոխությունները հիմք կարող են հանդիսանալ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար: