Մատչելիության հղումներ

Աջակցության ծրագրերին դիմելիս արցախցիները բախվում են խնդիրների


Կառավարությունն այսօր հաստատեց պատերազմից տուժած մարդկանց ու արցախցիներին հյուրընկալողներին ուղղված սոցիալական ևս 3 ծրագիր։

Գործադիրի որոշմամբ, դրամական օգնություն կստանան պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով վիրավորված քաղաքացիական անձինք կամ զոհերի հարազատները։

«Առաջարկվում է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ հաշմանդամության խմբերի, համապատասխանաբար 3, 2 և 1-ական միլիոն դրամ, երեխային կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ 3 միլիոն դրամ», - ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Մեկ այլ որոշմամբ, դրամական օգնություն կտրամադրվի անշարժ գույքի վնասների վերացման համար․ - «Հիմնականում Սյունիքի մարզում և մի փոքր հատվածն էլ Գեղարքունիքի մարզում է։ Ընդհանուր առմամբ, մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»։

«Կարող ենք արձանագրել, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզում քաղաքացիների տներին հասցրած վնասների փոխհատուցումը տեղի կունենա։ Ի՞նչ ժամկետում մարդիկ արդեն իրենց գումարները կարող են ստանալ», - հարցրեց վարչապետը։

«Առավելագույքը 15-20 օրվա ընթացքում ամբողջությամբ կավարտեն գործընթացը», - արձագանքեց նախարարը։

Հաջորդ որոշմամբ Կառավարույթունը վեցամսյա սոցիալական աջակցություն կցուցաբերի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում ապրող մարդկանց ժամանակավոր հյուընկալներին։ Յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար՝ ամսական 30 հազար դրամ։ Իսկ եթե հյուրընկալի կացարանը Արցախում է՝ 45 հազար դրամ։

Այսօր հաստատված 3 ծրագրերից բացի, արդեն գործում է ևս 2 աջակցության ծրագիր։ Առաջինից կարող են օգտվել այն արցախցիները, որոնք աշխատավարձ չեն ստանում պետական կամ համայնքային բյուջեից ու չեն հանդիսանում զորակոչի տարիքի՝ 18-58 տղամարդ։ Նրանք կստանան միանվագ օգնություն՝ 68 հազար դրամ, այդ թվում՝ անչափահաս երեխաները։

Ըստ նախարարի, արդեն 30 հազար մարդ օգտվել է այս ծրագրից, իսկ շահառուների թիվը մոտ 94 հազար է։

Ստեփանակերտից ժամանակավոր Երևան տեղափոխված Յանա Ավանեսյանը, սակայն, խիստ կասկածում է, թե պատերազմից տեղահանված 94 հազար մարդ կկարողանա օգտվել այս ծրագրից եղած տեխնիկական խնդիրների պայմաններում։ Նրա խոսքով, Հայաստանի աշխատանքի ու սոցհարցերի նախարարության կայքում տեղադրված դիմումի էջը պարզապես չի ճանաչում երեխաների տվյալները․ - «Երեխաների տվյալները էլեկտրոնային որևէ ռեգիստրում գրանցված չեն, ուստի երբ ինչ-որ փաստաթղթի համար է պետք լրացնել դիմումի մեջ, չի ճանաչում։ Ու պետք է հավելյալ էլեկտրոնային դիմումով դիմել այստեղի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչը շատ դժվար է, որովհետև Արցախում ինտերնետ չկա»։

Յանա Ավանեսյանը երեխաների ծննդականների հարցով զանգահարել է տարբեր թեժ գծերի․ - «Զանգել եմ սոցապ նախարարություն, և ինձ ասել են, որ խնդիրների հիմնական հասցեատերը Հայաստանի Հանրապետությունում Արցախի օպերատիվ շտաբն է։ Ես զանգեցի օպերատիվ շտաբ, և այնտեղ Արցախից հեռախոսահամար տրամադրեցին ու ասացին, որ այնտեղ պետք է դիմել։ Իրականում շատ դժվար է այս օրերին զանգել Արցախ, քանի որ հեռախոսակապի հետ խնդիրներ կան։ Այդպես էլ չկարողացա կապվել նրանց հետ»։

Հեռախոսով աջակցություն ստանալը բարդ է, իսկ ինտերնետ հայտն էլ շատերը պարզապես չեն կարողանում լրացնել։ Նախ, ավելի քան 25 հազար մարդ արդեն Արցախ է վերադարձել, որտեղ ինտենետ կապ գրեթե չկա։ Բացի այդ, դիմումը լրացնելու համար պետք է տրամարդել էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար, շատերը չունեն էլեկտրոնային հասցներ, և ունեն Ղ-տելեկոմի հեռախոսահամար, որը նորմալ չի աշխատում։

Աջակցության հաջորդ ծրագրով 300 հազարական դրամ է տրամադրվում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի քաղաքացիներին, կրկին պետք է օնլայն դիմել:

Տունը Շուշիում թողած Անի Կապլանյանի 4 հոգանոց ընտանիքի բոլորը անդամները տեսականում պետք է ստանային այս աջակցությունը, սակայն առայժմ հաստատվել է միայն Անիի դիմումը։ 2 երեխաների հայտը մերժել է աջակցության 2 ծրագրերով էլ, քանի որ նրանց տվյալները չեն հայտնաբերվել։

Ադրբեջանի կողմից գրավված կամ Ադրբեջանին տրված գյուղերում բազմաթիվ թոշակառուներ կան, որոնք չեն կարողանում էլեկտրոնային հայտեր լրացնել։ Նրանց առաջարկվել է մոտենալ սոցապ բաժիններ, պատմում է Անի Կապլանյանը․ - «Ես այսօր պարզեցի, որ գյուղապետարաններում սոցապ բաժիններ չկան։ Սոցապ բաժիններ կան շրջկենտրոններում»։

Ե՛վ Անին, և՛ Յանան տասնյակ մարդկանց օգնել են լրացնել դիմումները, սակայն ասում են, որ տեխնիական խնդիրները պետք է վերացվեն, գործընթացն էլ դյուացվի, քանի որ այսպես, նրանց դիտարկմամբ, հատկապես ամենախոցելի մարդիկ են մնում առանց որևէ աջակցության։

XS
SM
MD
LG