Մատչելիության հղումներ

Կասեցվել է անհայտ կորած պայմանագրային զինծառայողների աշխատավարձի վճարումը


Անհայտ կորած համարվող պայմանագրային զինծառայողները աշխատավարձից ու աշխատանքից զրկվել են։ Այս մասին ահազանգում են Գորիսից։

«Բոլորին էլ հանել են աշխատանքից։ Ընդ որում, էդ յոթից միայն մեր երեխան էր, որ դեռ ամուսնացած չէր։ Էնտեղ կան երկու, երեք անչափահաս երեխա ունեցող աշխատողներ», - «Ազատությանն» ասաց Լիաննա Սարգսյանը, ով մեկ ու կես տարվա պայմանագրային զինծառայող Աշոտ Հայրապետյանի մորաքույրն է։

22ժ-ամյա Աշոտը հետախույզ է, պատերազմի հենց առաջին օրը տարել են Ջաբրայիլ։

«Մինչև սեպտեմբերի 30-ի կեսօրը երեխայի հետ կապը եղել է։ Հետո լսել ենք, որ իրենց հատուկ մարտական առաջադրանք են տվել։ 30-ի երեկոյան արդեն մեր երեխայի հեռախոսը անհասանելի ա եղել։ Տարբեր մարդկանցից ճշտումներ կատարելով՝ իմացել ենք, որ յոթին էլ վիրավոր թողել են ընկած ու չեն գնացել հետևներից», - դառնությամբ ասաց Լիաննան։

Յոթ հետախույզները՝ բոլորը պայմանագրային ծառայողներ, Ջաբրայիլից չեն վերադարձել։ Լիաննա Սարգսյանն ասում է, որ նրանց հրամանատարը ողջ-առողջ է, զանգերն անպատասխան է թողնում, ծառայակիցները լռում են։

Պայմանագրայինների ընտանիքները դիմել են Պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին՝ նամակում նշելով, որ վշտի ու անելանելի վիճակի մեջ են, բայց վիրավորական ու նվաստացուցիչ են համարում այն, որ տղաներին ազատել են աշխատանքից ու զրկել աշխատավարձից։

«Հոկտեմբերի կեսին, երբ որ ես գնացել եմ երեխայի աշխատավարձը ստանամ, արդեն քարտը սառեցրած են եղել։ Հաշվապահություն մի անգամ էդ ժամանակ եմ դիմել։ Հետո տեսանք, որ հոկտեմբերի աշխատավարձը 180 հազարի փոխարեն նստել ա 80 հազար, նոյեմբերից ընդհանրապես որևէ բան չի եղել, աշխատավարձն էլ կտրել են։ Ես զանգել եմ հաշվապահություն, պատճառաբանեցին, որ այլևս իրենց կադրը չեն համարվում», - փոխանցեց Լիաննան։

«Անհայտի պիտակը դրեցիք ու վերջ։ Մարդը մեռե՞լ է ձեր մեջ», - հարցնում են ծնողները նամակում։

36-ամյա Հարութ Հարությունյանը նույնպես անհայտ կորած համարվող հետախույզներից է։ Նրա եղբայրը՝ Էդուարդը պատմեց, որ Հարութը երկու անչափահաս երեխա ունի, բազմաթիվ վարկեր, ընտանիքի միակ աշխատողն է․ - «Էլի մենք ինչով կարում ենք, օգնում ենք։ Բայց կոմունալ վճարներ կա, հարցեր կա, իրան վարկեր ունի, բանկից են զանգում, որ տոկոսները գնում ա։ Որպես անհայտ ա․․․ Աշխատավարձը խի՞ չեն տալիս։ Պիտի տան, չէ՞»։

Եղբայրը Ջաբրայիլ է գանցել պատերազմից երկու օր առաջ՝ հետախուզական աշխատանքի։ Սեպտեմբերի 29-ից ընտանիքը ոչ մի լուր չունի․․․ գուցե գերի է ընկել, գուցե անտառներում է թաքնված։

«Ինչո՞ւ շտապեցին նախ աշխատավարձը կիսատ վճարել, հետո ընդհանրապես չտալ», - վշտանում է Էդուարդ Հարությունյանը։ - «Հոկտեմբերին արդեն կեսն են տվել՝ 90 հազար, իսկ նոյեմբերին ընդհանրապես չեն տվել աշխատավարձը»։

«Երբեմն հիշեք մեր տղաների մաքուր, ձեր օգնությանը սպասող հայացքները», - գրել են ծնողները պաշտպանական գերատեսչություն ուղարկած նամակում։ Ասում են, որ ավելի վիրավորական է այն, որ մարտի դաշտից փախած պայմանագրայինները շարունակում են կայուն վճարվել։

«Կորպուսի հրամանատարին ասել ենք, բողոքել ենք։ Նախարարությունում էլ ասել են՝ պիտի օրենքում փոփոխություն կատարվի․․․ որպես անհայտ իրեն աշխատավարձ չենք տալիս։ Բայց ով որ փախել ա, էկել, հենա ա իրանց տանը լրիվ աշխատավարձ են ստանում», - վրդովվում է Էդուարդ Հարությունյանը։

Պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն չտվեց խնդրի վերաբերյալ։ Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ծնողների դիմումի ուսումնասիրությունն սկսել է։

«Ինքը անմարդկային, իր բովանդակությամբ հակաիրավական մոտեցում է», - ասում է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նրա կարծիքով, անհայտ կորածների ու նրանց ընտանքիների վերաբերյալ օրենքի անհրաժեշտության մասին տարիներով են խոսում, բայց ոչ մի արդյունք։ Այս իրավիճակը, ըստ Սաքունցի, պետության չկատարած պարտավորության հետևանք է․ - «Օրենքով պետք ա կարգավորվի։ Եթե մարդը, որը պայմանագրային հարաբերություններ ունի և պաշտպանությանն ա մասնակցում, և նրա հետ, ասենք թե, մի բան ա պատահում՝ կամ գերության մեջ ա, կամ մահանում ա, կամ անհայտ կորած ա, օրինակ, գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում ընտանիքին ա վճարվում, եթե մահանում ա, ընտանիքը ունի վերջին հաշվով սոցիալական ապահովություն, եթե անհայտ կորած ա, ապա մինչև նրա գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկության հաստատումը, պետությունը ապահովում ա նրա ընտանիքին։ Հիմա աշխատավարձի չափով կլինի, թե աշխատավարձի կրկնակի չափով, դա էլ հարց ա։ Բայց դա պետք ա իրավական տեսակետից կարգավորվի»։

10 օր առաջ խորհրդարանն ընդունեց մի օրենք, որով գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է ու վճարվում։ Անհայտ կորածների մասով որևէ քննարկում չկա, բայց իրավական ակտերի նախագծերի հարթակում մի նախագիծ է տեղադրված, որով նախատեսվում է, որ ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողը կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում նրա գտնվելու մասին լուր չի լինում։ Ըստ հիմնավորման՝ նախագիծն անհրաժեշտ է որպեսզի անհայտ կորածների ընտանքիները առավել սեղմ ժամկետներում ստանան սոցիալական աջակցություն։

Հիշեցնեմ, սա դեռ նախագիծ է, և այն ընդունելու հարցում շտապողականություն չկա։ Մինչդեռ շտապել են աշխատավարձերի կասեցման հարցում։ Ընտանիքները ամենաշատն սպասում են իրենց հարազատներին, հույս ունեն, որ հետախույզ պայմանագրայինները ողջ են՝ թող որ առանց պայմանագրերի:

XS
SM
MD
LG