Մատչելիության հղումներ

Հադրութի շրջանում ևս սկսվել են անհայտ կորածների որոնման, զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները


Այսօրվանից անհայտ կորած զինվորների որոնման, զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ են սկսվել նաև Հադրութի շրջանում։

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվության բաժնի սպա Հունան Թադևոսյանը փոխանցեց, որ փրկարարները աշխատում են Տողի տարածքում․ - «Սկսվում է Տողին, իսկ հետագայում, Կարմիչ խաչն արդեն բանակցում է ադրբեջանական կողմի հետ, համագործակցում է նաև ռուս խաղաղապահ զորակազմի անձնակազմը, առաջիկա օրերին կշարունակվի նաև Հադրութ քաղաքում և Հադրութի մերձակա շրջաններում, գյուղերում, ինչպես նաև Ջաբրայիլում՝ Մեխակավանում»։

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութն ու Ջաբրայիլը մինչև այժմ անհասանելի էին հայկական կողմի համար, իսկ անհայտ կորած զինվորների ծնողները ավելի հաճախ հենց այս ուղղություններն էին մատնանշում, որտեղից ստացել էին վերջին զանգը իրենց զինվորներից։

Հունան Թադևոսյանը տեղեկացմամբ, որոնողական աշխատանքները ավարտվել են Շուշիում, բայց շարունակվում են Քարինտակում, Ասկերանի Սղնախում․ - «Մարտակարտի շրջանի ուղղությամբ Մատաղիս, Թալիշ ուղղություններում։ Միաժամանակ, նաև Մարտունու շրջանի Զարդանաշեն, Կարմիր շուկա և Շեխեր համայնքների ուղղությամբ է իրականացվում որոնողական աշխատանքը»։

Բուն որոնողական գործողությունների մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները, սակրավորների խմբերը և ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ։

Ռուս խաղաղապահները, ինչպես փոխանցեց Թադևոսյանը, գործընթացին հետևում են․ - «Քանի որ ադրբեջանական ու հայկական կողմերն են մասնակցում որոնողականին, նրանք հետևում են մեր աշխատանքին ու նաև միջանձնային փոխհարաբերություններին, որ որևէ փոխադարձ ագրեսիա չլինի, ու ընդհանրապես չկա»։

Օրեր առաջ Մատաղիսի անտառներում որոնողական այս աշխատանքների ընթացքում ականի պայթյունից վիրավորվել էին արցախցի երեք փրկարարներ, Պաշտպանության բանակի ու ռուս խաղաղապահ խմբի երկու սպաներ, ադրբեջանցի մի սպա զոհվել էր։

Հունան Թադևոսյանի խոսքով, որպես կանոն ականազերծող սակրավորների խումբը առջից է գնում, տարածքն անվտանգ դարձնում․ - «Այս դեպքում ադրբեջանական կողմը իրենք որոշեցին, որ առջևից իրենք պետք է գնան»։

Որոնողական այս աշխատանքներին տառապանքով են սպասում գերատեսչական տարբեր շենքերի առջև զավակներից որևէ տեղեկություն փնտրող ծնողները։

Անահիտ Հայրապետյանը հոկտեմբերի 1-ից ոչ մի լուր չունի Ջաբրայիլ մեկնած որդուց. – «Ինչ-որ մի հույսի թել դեռ մեջս կա, որ միգուցե, Աստված մեծ ա, գտնենք։ Թող գտնվեն բոլորի երեխաները, ովքեր իմ նման էս ցավը զգում են։ Ահավոր ա»։

Որդին՝ Արսեն Հայրապետյանը Քաշաթաղի Հակարի գյուղի դպրոցի տնօրենն է, մայրը չգիտի էլ, թե նա ինչպես է հայտնվել առաջնագծում, գիտի միայն այն, որ որդին վիրավորվել է․ - «Տղաներս Երևանի հիվանդանոցներում են փնտրել, ոչ քնել են, ոչ կերել են, ամբողջ օրը եղբորն են փնտրել։ Նույն վիճակում էլ ամուսինս ամբողջ Ղարաբաղում տենց հատված չի եղել, որ չփնտրի։ Չկա ու չկա մինչև հիմա»։

Շարքային Արթուր Գևորգյանին ծառայակիցները վերջին անգամ տեսել են պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, լվացվելիս ու վերջ։ Հետո ինչ է եղել, ժամկետային զինծառայող որդու վերաբերյալ ոչ մի տեղեկություն գերատեսչական ոչ մի շենքից ծնողները ստանալ չեն կարողանում․ - «Չեն տալիս, չեն տալիս։ Ասում են՝ կորել կորել է, ոչինչ, ի՞նչ ա էղել․․․»:

XS
SM
MD
LG