Մատչելիության հղումներ

Անհայտ կորած զինծառայողներին այժմ որոնում են Մարտունու և Մարտակերտի տարածքներում


Գերեվարված, անհայտ կորած զինծառայողների հանձնաժողովի շենքի առջև չսափրված տղամարդիկ են, սևազգեստ կանայք, շատերն արդեն երկրորդ ամիսն է լրանում` լուր չունեն իրենց զինվորից: Շաբաթներ շարունակ հավաքվում են տարբեր գերատեսչական շենքների առջև՝ որևէ տեղեկություն են փնտրում, երեկ Ռուսաստանի դեսպանատուն հասան։ Նրանց հետ վարչապետ Փաշինյանն է հանդիպել վերջին երկու օրերին:

«Երեկ վարչապետի մոտ հանդիպման ենք եղել​, ասում է՝ այսօրվանից 24-ժամյա ռեժիմով պետք է աշխատեն: Հիմա, թե քանի տոկոսով է ճիշտ, ես չգիտեմ, բայց գերագույն գլխավոր հրամանատարին պիտի հավատանք, ի՞նչ անենք, ճարներս ի՞նչ», - ասաց հավաքվածներից Արարատ Ղազարյանը:

Ղազարյանը կրտսեր սերժանտ Հայկ Ղազարյանի հայրն է, որդու զանգին է սպասում արդեն 45 օր, վարչապետը փորձել է հուսադրել նրանց, բայց որդու ձայնը կցանկանար լսել. «Դե ինքը մեզ հույս էր տալիս, որ կենդանի երեխաներ անտառներում դեռ շատ կան, էդ հույսով էլ ապրում ենք»:

Անհայտ կորածների որոնման, զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներն իրականացվում են Կարմիր խաչի, ռուս խաղաղապահների ու հայ փրկարարների միջոցով։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի տեղեկացմամբ՝ այդ աշխատանքները ավարտվել են Շուշիում ու դրա մերձակայքում, այս պահին շարունակվում են Մարտակերտի ու Մարտունու հատվածներում։ Ադրբեջանին անցած տարածքներում հայ զինվորների փնտրել դեռևս հնարավոր չէ՝ բանակցում են Ադրբեջանական կողմի հետ: Ջաբրայիլ ու Հադրութ՝ ամենասև ուղղություններն են. վերջին զանգ ծնողներից շատերը այդտեղից են ստացել:

Ծնողներն անընդհատ լսում են՝ առայժմ այդ տարածքներն անհասանելի են որոնումների համար, շատերը ահռելի հետաքննական աշխատանք են կատարել՝ մեկնել Արցախ, զրուցել իրենց զինվորի ողջ մնացած ծառայակիցների հետ, փնտրել հրամանատարներին:

«Երեկ չէ առաջի օրը գնացի Ղարաբաղի Մարտունիի Հերհեր գյուղում իրանց գումարտակը գտա, խոսացինք, ամբողջ 2000 զորքից 50-60 հոգի զինվոր ա մնացել էն էլ ցեխի, կեղտի մեջ», - նշեց Գառնիկ Հովհաննիսյանը:​

Հասմիկ Ենոքյանը սկզբում ողջ-առողջ որդուն էր փնտրում, հետո լսեց վիրավորվել է՝ մեքենայի ռմբակոծություն հետևանքով, հետո ասացին՝ մահացել է, հիմա էլ որդու դին է փնտրում. այս ողջ ընթացքում պաշտոնական ոչ մի տեղեկություն:

«Պաշտպանության նախարարությունն ասում ա՝ Կարմիր խաչը պետք ա օգնի, գնում ենք Կարմիր խաչ, ասում ա՝ մեզ պետք ա Պաշտպանության նախարարությունը թույլ տա, դարձրել են մեզ գնդակ ու տշում են որ կողմ ուզեն», - ասաց հավաքվածներից Մարիա Երկանյանը:

Նա ավելի քան 40 օր իր մինուճարին՝ շարքային Սենո Երկանյանին է որոնում։ Նրա անունը եղել է զոհվածների ցուցակում, իսկ մարմինն ո՞ւր է, հարցնում է մայրը:

Զրուցել է որդու ծառայակիցների հետ, ասում է՝ նրան ոչ ոք զոհված չի տեսել, ամեն դեպքում անցել է հանրապետության հոսպիտալներով, դիահերձարաններով՝ ոչ մի արդյունք:

Մարիա Երկանյանը և մյուս ծնողներից շատերը պնդում են՝ պատրաստ են մտնել ադրբեջանական հսկողության տակ անցած այդ տարածքներ, գործողություններ են ուզում, հուսադրող խոսքեր ու ներողություն չեն ուզում. «Ի՞նչ անեմ քո ներողությունը, դե ես էլ ուզում եմ ասեմ, պարոն Փաշինյան, քո տղային տուր, տանեմ իմ տղայի պես պահեմ, կտա՞ս, չի տա: Հեշտ չի չէ՞ երեխային տալը»:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG