Ձեռք են բերվել բավարար օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման փաստերով, այսօր հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։
«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում համացանցում, լրատվամիջոցներում առկա հրապարակումների, դրանց պատշաճ իրավական ընթացակարգով ստուգման նպատակով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումների մասին», - ասված է հաղորդագրությունում։
Ապա Դատախազությունը մանրամասնում է․
«Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ն.Բ.-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել են վերջինիս ազգականին և հայտնել, որ ռազմագերուն գլխատելու են և նկարը տեղադրեն համացանցում: Մի քանի ժամ անց ազգականները սպանված ռազմագերու լուսանկարը նկատել են վերջինիս սոցիալական ցանցի էջում:
Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հարկադրաբար տեղահանել են քաղաքացիական անձ, ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչ Մ.Մ.-ին և իր կամքին հակառակ տեղափոխել Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ ենթարկելով անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների՝ ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել են կյանքից:
Համացանցային տարբեր էջերում առկա են տարբեր օրերի տեղադրված բազմաթիվ տեսանյութեր, համաձայն որոնց ադրբեջանական դրոշն ուսին զինվորական համազգեստով անձը գնդակահարել է վիրավոր ռազմագերի Ա.Մ.-ին, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը և այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա, ինքնաձիգից կրակոց են արձակել գերեվարված հայ զինվորականի գլխին, ծաղրել են ռազմագերուն՝ հարվածներ հասցնելով նրա գլխին, կտրել են հայ ռազմագերու ականջը, կտրել են քաղաքացիական անձի ականջը՝ նրան ներկայացնելով որպես հայ լրտես, ծաղրել են թվով 3 հայ ռազմագերիների՝ ստիպելով ծնկի իջած վիճակով ծափահարել իրենց, գերեվարել են հայ զինծառայողների, որոնցից մեկին ոտքով հարվածներ են հասցրել, ստիպել են հայ ռազմագերուն համբուրել Ադրբեջանի Հանրապետության դրոշը՝ հարվածելով նրա գլխին, շամփուրով հարվածներ են հասցրել թվով 5 ռազմագերիներին, որոնց մեջ կան վիրավորներ, ինչպես նաև պայմանավորվել են նրանցից մեկի ձեռքը կտրելու մասին, ուղեկցել են քաղաքացիական հագուստով մեկ տարեց տղամարդու, որի ընթացքում հարվածել են նրա մեջքին, հայհոյանքներ են հնչեցրել գետնին ընկած ռազմագերու հասցեին՝ քաշքշելով նրա կրծքավանդակի հատվածից:
Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ոտքը դնելով տանկի վրա վիրավոր ընկած ռազմագերու գլխին, ստիպել է ադրբեջաներեն հնչեցնել «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» արտահայտությունը:
Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված մեկ այլ տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը գերեվարել են երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947 թվականին ծնված Բ.Հ.-ին և Հադրութի շրջանի Տյաք գյուղի բնակիչ, 1995 թվականին ծնված Յ.Ա.-ին, իսկ հաջորդող տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով կրակոցներ արձակելով սպանել են ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հիշյալ երկու անձանց:
2020թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ս.Ա.-ի բջջային հեռախոսի «WhatsApp» հավելվածի միջոցով նրա ընկերոջը հաղորդագրություն են ուղարկել այն մասին, որ վերջինս գերության մեջ է: Հոկտեմբերի 21-ին Ս.Ա.-ի մեկ այլ ընկերը «TikTok» սոցիալական ցանցում նկատել է տեսանյութ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռազմագերուն հարվածել են և ստիպել վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին:
2020թ. հոկտեմբերի 16-ին առավոտյան Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ներխուժել են Հադրութ քաղաքի բնակչուհի Ժ.Բ.-ի բնակարան և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերից քարշ տալով, իր կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան և բացահայտ առևանգելու եղանակով տեղափոխել Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու: Բռնություն գործադրելու եղանակով շուրջ 12 օր պահելուց հետո՝ հոկտեմբերի 28-ին Կարմիր Խաչի միջոցով նրան հանձնել են ՀՀ-ին:
Hraparak.am էլեկտրոնային կայքում առկա տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հարվածներ են հասցրել թվով 3 ռազմագերիներին»:
«Բոլոր դեպքերի վերաբերյալ տվյալները պատշաճ իրավական ընթացակարգով ստուգվում են, դրանց կապակցությամբ իրականացվել են դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների ապացույցների ամբողջացման, դրանց քրեաիրավական խիստ գնահատականներ տալու հիմքերի ապահովման, հանցագործություն կատարած անձանց նույնականացման և քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։
Դատախազության պնդմամբ՝ արդեն իսկ ձեռք բերված բավարար օբյեկտիվ ապացույցների գնահատմամբ փաստվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ պատասխանատու պաշտոնատար անձինք «կենտրոնացված կազմակերպմամբ, բազմաթիվ զինծառայողների նկատմամբ, ազգային ատելության ընդգծված շարժառիթով, իրականացրել են ծանրագույն հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ կանոնների դիտավորյալ ու նպատակային խախտումներ»:
Հայաստանի գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը՝ դեռևս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր, անմարդկային դրսևորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակներում: Այդ նպատակով Հայաստանի դատախազությունը, ինչպես նաև քրեական գործի վարույթն իրականացնող մարմինը մշտական կապի և գործակցության մեջ են նաև ռազմագերիների և գերության մեջ գտնվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների հարցերով զբաղվող ներպետական համապատասխան մարմինների հետ: