Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը միասնականության և երկիրը ցնցումներից զերծ պահելու կոչ արեց


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողություն իրականացվեց։ Դրան ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հիշատակի արարողությունից հետո իր ելույթում անդրադարձավ պատերազմի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամին։ Կաթողիկոսը շեշտեց՝ հայրենիքի համար իրենց կյանքը տված զավակների անձնազոհության ու վառ հիշատակի համար պետք է պահպանել միասնականությունը, հեռու մնալ ատելություն ու թշնամանք հրահրող խոսքերից ու գործերից և զերծ պահել երկիրը նոր ցնցումներից ու վտանգներից։

«Այսօր` պատերազմի հետևանքով ունեցած ցավալի կորուստներով և ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով, մեր երկիրը հայտնվել է ծանր ճգնաժամի առջև։ Այս դժվարին իրադրության մեջ հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական և խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները։ Յուրաքանչյուրիս, ի մասնավորի պետական և քաղաքական գործիչների պարտքն է պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար՝ հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության և վառ ու լուսավոր ապագայի», - ասաց նա։

Կաթողիկոսը հայրենասիրության, միաբանության, համերաշխության ու հանդուրժողության կոչ արեց արցախահայության իրավունքների պաշտպանության, Հայաստանի և Արցախի նոր կյանքի կերտման համար։ Առաքելական եկեղեցու առաջնորդն անդրադարձավ նաև սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմում Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների ներգրավվածությանը. «Մեր հերոս զավակները խիզախությամբ մարտնչեցին թշնամու անհավասար ուժի դեմ՝ ի գին իրենց կյանքի պաշտպանելով մեր հայրենիքը։ Այսօր մենք բոլորս սիրելի որդեկորույս ծնողների՝ սգակիր հայրերի ու մայրերի, այրիացյալ կանանց ու որբացած մանուկների հետ միասին մեր սրտերում կրում ենք մեր զոհված քաջորդիների կորստի մեծ վիշտը։ Այս անասելի ցավի հետ մեկտեղ նաև հպարտություն ենք ապրում նրանց անզուգական խիզախության, անօրինակ սխրանքների և պանծալի քաջագործությունների համար: Մեր հերոսները մարտնչեցին ամենայն անձնվիրությամբ, արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի և Հայաստան ու Արցախ աշխարհի խաղաղ, ապահով կյանքի և բարօր առաջընթացի տեսիլքով»։

Արարողությունից հետո վարչապետը լրագրողների հարցերին չպատասխանեց։ Քաղաքացիներից մեկը ևս դիմեց վարչապետին, ասաց՝ որդին անհետ կորել է, խնդրեց օգնել գտնել նրան. «Պարոն վարչապետ, հոկտեմբերի 3-ից տղաս չկա: Դիմել եմ ազգային անվտանգություն, նախարարություն, հեռախոսով գոնե օգնեն, 25 օր առաջ դիմում եմ գրել, մինչև օրս ոչ մի պատասխան: Ուղղակի խնդրում եմ էլի, չեն անում ոչ մի բան»:

«Ընդհանրապես ծնողներով իրար հետ կապ ունե՞ք, - հարցրեց Փաշինյանը` հավելելով, - մի օր եկեք, հանդիպենք, մի օր եկեք, նստենք, հանգիստ զրուցենք»:

Արարողությանը ներկա քաղաքացիներից ոմանք «Ազատության» հետ զրույցում իրենց կարծիքը հայտնեցին պատերազմից հետո ներքաղաքական իրավիճակի, ընդդիմության՝ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ. «Մեր ժողովուրդը էնքան ա շշկված, որ հնարավոր չի, ո՞ր կողմն անցնեն, շշկռված վիճակում է»:

«Եթե վարչապետը կարողանա հեշտ ու հանգիստ հրաժարական տալ և խաղաղությամբ հեռանալ, դա կլինի իր երևի թե փրկությունը, մեղքերի տակից չի դուրս գա, բայց իր փրկությունը կլինի, բայց դե ինքը ո՞նց պետք է ամբողջ կյանքում էտ հատոուցումն իր մեջ ապրի: Իրենց անտեղյակությունը, իրենց հանգստությունը, որ ամիսներով ոչ մի անհանգստություն չկար, երբ որ մենք` ժողովուրդս, որ Նախիջևանի սահմանում զորավարժություն էր գնում, մեր սիրտը խփում էր արդեն, մենք զգում էինք, որ վտանգ է սպառնում», - ասում է քաղաքացիներից մեկը:

Մյուսն էլ նշում է. «Բոլոր դեպքերում եթե իրենք էսօր պահանջում են, ավելի լավ կլինի` մեր ընդդիմադիրներն ընդհանուր մենք ազգովի մեր սուգը սգանք, թողնենք մեր հանգուցյալ երեխաներին հանգստություն, առոք-փառոք ինչպես որ կարգն է, կարողանանք մենք ազգովի, հուզվում եմ, չեմ կարողանում խոսել, բայց հիմա էտ ժամանակը չի»:

XS
SM
MD
LG