Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ:
Մայիլյանը շնորհավորել է իր գործընկերոջը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն՝ նշելով, որ այդ պատասխանատու առաքելությունը նա ստանձնում է Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր և պատասխանատու ժամանակաշրջանում:
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ԱԳՆ-ների միջև սերտ համագործակցության կարևորությունը:
«Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը:
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծեցին արցախահայության կենսական շահերի անշեղ պաշտպանության կարևորությունը, այդ թվում՝ իր պատմական բնօրրանում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի իրականացման միջոցով», - նաև ասված է հաղորդագրությունում:
Արա Այվազյանը նոյեմբերի 18-ին է նշանակվել Հայաստանի արտգործնախարար, այդ պաշտոնում նա փոխարինեց Զոհրաբ Մնացականյանին: