Մատչելիության հղումներ

Հայաստանը հաղթանակ տոնեց Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ խաղում


Դրվագ Հայաստան-Էստոնիա հանդիպումից, Երևան, 8-ը սեպտեմբերի, 2020թ.
Դրվագ Հայաստան-Էստոնիա հանդիպումից, Երևան, 8-ը սեպտեմբերի, 2020թ.

Հայաստանն այժմ 3 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցնում C լիգայի 2-րդ խմբում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակ տոնեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում երեքշաբթի երեկոյան Հայաստանի ընտրանին 2:0 հաշվով առավելության հասավ Էստոնիայի թիմի նկատմամբ:

Գոլերի հեղինակներ դարձան Ալեքսանդր Կարապետյանը՝ 44-րդ, և Վբեյմար Անգուլոն՝ 66-րդ րոպեներին:

Սա Հայաստանի ազգային հավաքականի առաջին հաղթանակն է իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ:

Երկրորդ տուրից հետո Հայաստանը 3 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցնում C լիգայի 2-րդ խմբում: 4-ական միավորով առաջին և երկրորդ տեղերն են կիսում Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականները, որոնց հանդիպումն այսօր Թբիլիսիում ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Էստոնիայի թիմը, որն առայժմ ոչ մի միավոր չի վաստակել:

Ազգերի լիգայի երկրորդ մրցաշարի առաջին տուրում, հիշեցնենք, Հայաստանը Սկոպյեում 1:2 հաշվով զիջեց տանտերերին՝ Հյուսիսային Մակեդոնիային:

Մրցաշարի հաջորդ հանդիպումը նույնպես Հայաստանի հավաքականը կանցկացնի սեփական հարկի տակ՝ հոկտեմբերի 11-ին ընդունելով Վրաստանի թիմին, երեք օր անց էլ՝ հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Էստոնիայի ընտրանուն:

XS
SM
MD
LG