ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Տալլիննում ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը դաշտի տերերի հետ:
Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց Կամո Հովհաննիսյանը, 6 րոպե անց Էստոնիայի հավաքականը վերականգնեց հավասարակշռությունը՝ գոլի հեղինակ դարձավ Ռաունո Սապինենը:
C լիգայի 2-րդ խմբի մյուս հանդիպումը՝ խմբի առաջատարներ Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի միջև Սկոպյեում, ավարտվեց նույն հաշվով:
4 տուրից հետո 5 միավորով Հայաստանի հավաքականը շարունակում է 3-րդ հորիզոնականը զբաղեցնել խմբի մրցաշարային աղյուսակում՝ ընդամենը 1 միավորով զիջելով առաջին երկու տեղերը կիսող Հյուսիսային Մակեդոնիային և Վրաստանին: Աղյուսակը 2 միավորով եզրափակում է Էստոնիան:
Հայաստանի ընտրանու հաջորդ երկու հանդիպումները՝ նոյեմբերի 15-ին և 18-ին, առաջատարների հետ են, նախ՝ Բաթումիում Վրաստանի, ապա սեփական հարկի տակ՝ Հյուսիսային Մակեդոնիայի: