Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները հակված են վավերացնել Ադրբեջանում թուրք զինվորների տեղակայման Էրդողանի հրամանագիրը


Ակնկալվում է, որ Թուրքիայի խորհրդարանն այսօր քվեարկության կդնի Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը:

Վավերացվող փաստաթուղթը պատգամավորների սեղանին է դրվել երեկ։ Պաշտոնապես այն դեռ չի հրապարակվել, սակայն թուրքական լրատվամիջոցներն արդեն իսկ հաղորդում են որոշ մանրամասներ։

Ըստ այդմ, Անկարան նախատեսում է եղբայրական երկրում իր զինվորներին տեղակայել մեկ տարով՝ ռուս խաղաղապահների հետ հրադադարի վերահսկման կենտրոնի աշխատանքներին մասնակցելու համար։ Թե կոնկրետ քանի զինվոր է գործուղվելու, փաստաթղթում նշված չէ, դա թողնված է նախագահ Ռեջեփ Էրդողանի հայեցողությանը։ Հստակ չէ նաև, թե որտեղ է այդ կենտրոնը տեղակայվելու, այդ հարցն էլ պետք է որոշեն Ադրբեջանի իշխանությունները։

Նշվում է միայն, որ թուրք զինվորականներից բացի, նախատեսվում է Ադրբեջան ուղարկել նաև քաղաքացիական մասնագետների։ «Կենտրոնի աշխատանքների նպատակն է ապահովել խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում, Ադբեջանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու լույսի ներքո», - արձանագրում է Էրդողանի հրամանագիրը՝ ընդգծելով, որ այս քայլը բխում է նաև Թուրքիայի ազգային շահերից։

Որպես իրավական հիմք Էրդողանը մատնանշում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև դեռևս տասը տարի առաջ ստորագրված «Ռազմավարական համագործակցության ու փոխօգնության մասին» համաձայնագիրը, ինչպես նաև պնդում, որ թուրքական առաքելության տեղակայումը հարևան երկրում համապատասխանում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին ու ԵԱՀԿ սկզբունքներին։

Բացի այդ, փաստաթուղթը նաև հատուկ հղում է անում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարությանը, որի հինգերորդ կետով ամրագրված է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը հետևելու նպատակով ստեղծվելու է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։ Թուրքիայի մասնակցության մասին այստեղ որևէ բառ չկա, սակայն, հայտարարության ստորագրման պահից Բաքուն պնդում է, թե Անկարան ռուսական կողմի հետ համահավասար մասնակցելու է խաղաղապահ առաքելություններին։ Մոսկվան հակադարձում է՝ Ղարաբաղում թուրք զինծառայող չի լինելու, նրանք տեղակայվելու են Ադրբեջանի տարածքում, խաղաղապահ գործողություններին ուղղակի չեն մասնակցելու, ընդամենը դիտարկելու են հրադադարի ռեժիմը՝ ռուսական կողմի հետ համատեղ։

Թե կոնկրետ ինչ լիազորություններ ու գործառույթներ է ունենալու թուրքական կողմը, մինչև այս պահը հստակ չէ։ Առայժմ միայն ռուսներն ու թուրքերը կենտրոնի ստեղծման մասին հուշագիրն են ստորագրել պաշտպանության նախարարների մակարդակով, ինչից հետո Մոկսվան Պաշտպանության նախարարության մոտ երկու տասնյակ պաշտոնյաների է գործուղել Թուրքիա՝ քննարկելու համատեղ աշխատանքի մանրամասները։

«Երկու երկրների պատվիրակությունները հենց այսօր էլ մի հանդիպում են անցկացրել փակ դռների հետևում, սակայն վերջնական համաձայնության դեռ չեն եկել», - այսօր ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ - «Մենք մի քանի օր է ռուսական կողմի հետ։ Աշխատանքը դեռ շարունակվում է։ Խորհրդակցությունների հաջորդ փուլը նախատեսված է մի քանի օրից»։

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտուկ հայտարարություն էր տարածել ղարաբաղյան խնդրի շուրջ՝ ընդծելով, թե հանձնառու է անհապաղ և ցանկացած տիպի աջակցություն տրամադրել Ադրբեջանին, երբ որ Բաքուն դրա կարիքն ունենա։

Ու թեև հստակ չէ, թե թուրք զինվորականներն ինչ լծակներ ու հնարավորություններ են ունենալու Ադրբեջանում, սակայն հստակ է, որ այսօր խորհրդարան ներկայացված նախագահի հրամանագիրը փաստացի առաջին պաշտոնական քայլն է՝ ուղղված ղարաբաղյան հարցում Թուրքիայի մասնակցությունն ամրագրելուն։ Քվեարկությունը դեռ չի սկսվել, սակայն հաղորդվում է, որ Ազգային մեծ ժողովի 600 պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը հայտարարել է, թե կողմ է քվեարկելու Ադրբեջանում թուրք զինվորների տեղակայման Էրդողանի առաջարկին։

XS
SM
MD
LG