Մատչելիության հղումներ

«Հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ», շեշտում է Արցախի նախագահը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է` «մեղավոր ենք բոլորս, դավաճանել ենք ազգովի»: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նա նախ հիշեցրեց իր կոչերը` միանալու առաջնագծում պայքարին: Նշեց` առաջին անգամ ինքն ահազանգել է հոկտեմբերի 3-ին, երբ Եղնիկներ կոչված տեղամասից զորքի ինչ-որ մասի փախուստ է եղել: «Ոչ թե Պաշտպանության բանակի, ոչ թե Զինված ուժերի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների և այլն», - ասաց նա` հայտնելով նաև, որ երբ ինքը որոշել էր գնալ առաջնագիծ հատուկ ստորաբաժանումների հետ, ՀՀ-ից եկած Ազգային անվտանգության ծառայության ամենաուժեղ ստորաբաժանումները, ինչպես նաև Արցախից հրաժարվել են գնալ Եղնիկներ:

«Խնդրել եմ, ասել եմ` ձեր առջև ես եմ գնալու, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ: Իհարկե, դրա մասին այսօր արտահայտվում եմ, որովհետև ստիպված են արտահայտվել: Կհարցնեք Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին` ինչպես են մերժել խնդրանքս», - շեշտեց Արցախի նախագահը, նաև նկատեց, որ քչաքանակ զորք միացել է իրեն, ինչի շնորհիվ այսօր այդ հատվածը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ:

Արայիկ Հարությունյանը հայտարարեց` կամավորական ջոկատներ կային, բայց նաև ասաց. «Զորքին թողել եք մենակ, 18-20 տարեկաններին թողել եք մենակ: Դավաճան չփնտրեք: Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, իրենց եղբայրների, իրենց մասնակցությունը, նկարվելը չեմ ասում: Բոլորին եմ ասում` որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք: Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»: Նա հավելեց` զինադադար էլ կնքել են, քանի որ զինվորները շրջափակման վտանգի տակ են եղել: Ապա նշեց` Ստեփանակերտը պաշտպանող չկար, իսկ մայրաքաղաքը գրավելուց հետո շրջափակման մեջ կհայտնվեր ամբողջ զորքը:

«Դավաճանել ենք ազգովի, օգնություն ցուցաբերել ենք, գոհ եմ, դավաճանել ենք, որովհետև 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել 6-7-8 պետության դեմ, այո, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները», - շեշտեց Արցախի նախագահը:

Նա նաև կոչ արեց չմասնակցել «քաղաքական ինտրիգներին», հանգիստ լինել, որովհետև բոլոր քաղաքացիների խնդիրները լուծվելու են, հորդորեց վերադառնալ Արցախ, կան բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական խնդիրներ չլինեն: «Բոլորիդ խնդիրները լուծվելու են: Այս 2 օրվա ընթացքում ենթակառուցվածքների հարցը կլուծենք` ջրի, հոսանքի, գազի: Այսօր կոչով դիմել են ինձ հադրութցիները: Ի՞նչ անեինք, իհարկե, առաջինը պետք է պաշտպանեինք Հադրութը, չկարողացանք պաշտպանել: Այսօր խոստանում ենք, որ անելու ենք ամեն ինչ, որպեսզի սոցիալական որևէ խնդիր չլինի: Մենք այսօր պատրաստ ենք առաջին փուլում Երևանում, հետո հնարավորության դեպքում Արցախում ապահովել այն նվազագույն պայմաններով, չունենք վերջնական որոշումն` ինչ ենք անելու: Բայց ուզում եմ երաշխավորել ձեզ, որ ճանապարհները լինելու են անվտանգ:

Մեզ պետք է միասնականություն, մենք պետք է միասին պայքարենք արտաքին թշնամու դեմ, որ շարունակում է քայքայել մեր ներքին միասնականությունը», - ասաց Հարությունյանը` վստահեցնելով` Արցախը մնալու է հայկական, կոչ անելով չփնտրել դավաճաններ:

XS
SM
MD
LG