Մատչելիության հղումներ

Եթե հասել էինք այս վիճակին, «ավելի լավ էր որևէ բան չստորագրել, թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին», կարծում է Վանեցյանը


Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, 11 նոյեմբերի, 2020թ.
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, 11 նոյեմբերի, 2020թ.

Այսօր Ազգային անվտանգության ծառայություն էին հրավիրվել հանրահավաք իրականացրած ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները, մասնավորապես Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վերջինս հայտնեց, որ այսօր ԱԱԾ-ում որպես վկա է հարցաքննվել` «ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ» քննվող քրեական գործով:

«Մեղադրում են ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ, չեն մեղադրում, ներողություն, որպես վկա եմ հարցաքննվել, երևի թե Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը և բողոքի ձայն բարձրացնելն այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում», - ասաց նա:

«Ազատության» հարցին, թե այս իրավիճակում ո՞րն էլ լինելու իրենց առաջարկած այլընտրանքը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` եթե մենք հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր որևէ բան չստորագրել, թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին, եթե հասել էինք այս վիճակին, բայց որևէ բան չստորագրեինք, Սյունիքով տարածք չտայինք Ադրբեջանին, Քարվաճառ-Լաչինը չտայինք»:

Այսօր երրորդ նախագահի գրասենյակն էլ տարածել էր, որ Սերժ Սարգսյանը ժամը 16-ին ԱԱԾ է հրավիրվել, սակայն ավելի ուշ գրասենյակը նոր հայտարարությամբ հայտնեց, որ հարցաքննությունն անժամանակ հետաձգվել է: Այս դեպքում հայտնի չէ, թե նա ինչ քրեական գործի շրջանակում է Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել:

ԱԱԾ-ում է նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Արդեն 7 ժամից ավելի է` նա գերատեսչության շենքում է, սակայն հայտնի չէ` արդյոք հարցաքննություն է ընթանում, թե այն ավարտվել է: Հայտնի չէ նաև, թե նա ինչ քրեական գործով է հարցաքննվում:

Հավելենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շենքից դուրս գալուց հետո կրկին հրավիրվեց Ազգային անվտանգության ծառայություն, հայտնի չէ, թե ինչու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG