Մատչելիության հղումներ

Հանրապետության հրապարակում հավաքված արցախցիները կառավարությունից ԼՂ հարցով պատասխան են պահանջում


Կառավարության շենքի առջև այսօր հավաքված արցախցիները հարցնում են՝ ի՞նչ պետք է լինի իրենց հետ:

«Ես գնամ, որտե՞ղ մնամ, ես ստեղ աղայավարի ապրել չեմ ուզում», - ասաց հավաքվածներից մի կին:

Գիշերվա դեպքերից հետո, երբ մի խումբ ցուցարարներ ներխուժեցին գործադիր իշխանության շենք ու վնասեցին գույքը, Կառավարության մուտքն այսօր հսկում էին սաղավարտներով և վահաններով ոստիկանները։ Ոստիկանական պատը փակել էր մուտքը դեպի կոտրված պատուհաններով շենք։

Այստեղ հավաքվածների մի մասը Հայաստանի վարչապետին էին մեղադրում ավելի քան 40 օր ձգված պատերազմի նման հանգուցալուծման համար, մյուս մասն էլ արդարացնում էր Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև երեկ ստորագրված հայտարարությունը։

«Թող պատերազմը գնար, թող տենց պարտվեին, բայց ոչ թե հողերը չտային թուրքերին», - նշեց հավաքվածներից մի տղամարդ:

«Հանուն մեր ազգի մնացած այն 18-20 տարեկաններին, որոնք կենդանի մնացին, ով ինչ կասի, մինչև վերջ, այս պահին էլ իմ տղան Մատաղիսում է, ինչքան 18-20 տարեկան տղաներ կան, Նիկոլը սխա՞լ ա արել, որ ազգին մսաղացից ինչ եղավ-եղավ, մնացածին պահեց», - հայտարարեց մեկ այլ տղամարդ:

Երբեմն բանավեճը վերածվում էր վեճի, որը հարթում էին ոստիկանները։

Կառավարության շենքից մի քանի մետր հեռու՝ Հանրապետության հրապարակում հավաքվածների քննարկման թեման մեկն էր՝ ինչո՞ւ այսպիսի ցավոտ հանգուցալուծում ունեցավ այս խնդիրը։ Մարտունիում վիրավորված տղամարդը ցույց էր տալիս մարմնի տարբեր մասերի վրայի բեկորների նկարները. «Ինձ են ծախել, 48 հատ ասկոլկա մեջքիս, հիվանդանոցից եմ եկել այստեղ»:

«Էդ փաստաթուղթը բոլորս էլ լավ գիտենք, թե ով է գրել, ով է ստորագրել, որ թվից են այդ ամեն ինչը արել, կոտրեցին Փաշինյանի գլխին, բայց ժողովուրդն այդքան էլ հիմար չէ, ամեն ինչն էլ հասկանում է, որ սա վաղուց ծախված, դիմացն էլ միլիարդներ վերցրած լափած, եթե այդքան ժամանակ չթալանեին, դրա փոխարեն ժամանակակից զենք առնեին, մեր քաջ, արի հերոսները մինչև Բաքու քոչարի պարելով կհասնեին», - ասաց հավաքվածներից մեկը:

XS
SM
MD
LG