Աննախադեպ պայքարի արդյունքը դեռ վճռված չէ
ԱՄՆ նախագահի նոյեմբերի 3-ի ընտրություններից գրեթե երկու օր է անցել, սակայն հաղթողի անունը դեռ հայտնի չէ, պայքարն աննախադեպ լարված է:
Նախագահ ընտրվելու համար թեկնածու պետք է վաստակի 270 ընտրիչների քվե, սակայն բաղձալի նպատակին նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը դեռ չեն հասել:
Առավել նախընտրելի են նախկին փոխնախագահի շանսերը, վերլուծաբանների համոզմամբ՝ հենց 77-ամյա Բայդենը կհաղթի, սակայն դրա համար պետք է սպասել ևս մի քանի ժամ, քանի որ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, մինչդեռ Թրամփի թիմը սպառնում է դատական գործերով:
Երևանի ժամանակով ժամը 11-ի դրությամբ Բայդենն Ընտրիչների կոլեգիայում ունի 253 քվե, իսկ Թրամփը՝ 214:
ԱՄՆ-ում քաղաքական հին ավանդույթի համաձայն մարդիկ ժողովրդական քվեարկությամբ ընտրում են այս կամ այն թեկնածուին, բայց գործնականում նրանց քվեարկությամբ ձևավորում է հատուկ կառույց՝ Ընտրիչների կոլեգիան, որն, իր հերթին, ի պաշտոնե ընտրում է նախագահին:
Կոլեգիան ունի 538 անդամ, ինչը հավասար է օրենսդիրների թվին: Կոնգրեսի երկու պալատներից Ներկայացուցիչների տան անդամների թիվը 435 է, սենատորների թիվը 100 է:
1961 թվականին կոլեգիային տրվել է ևս 3 տեղ՝ Կոլումբիայի առանձնատարածքի (դիսթրիքթի) համար, քանի որ այնտեղ է մայրաքաղաք Վաշինգտոնը, որը ոչ մի նահանգի չի պատկանում:
Հաղթանակի համար թեկնածուին պետք է 269+1 քվե: Հիմա Բայդենն է առջևում, և, ըստ վերլուծաբանների, նրա հաղթանակը գրեթե երաշխավորված է:
Նրա համար մեծ խթան էր հաջողությունը Միչիգանում և Վիսկոնսինում, բայց դեռ չի ավարտվել ձայների հաշվարկը Ջորջիայում, Փենսիլվանիայում, Արիզոնայում և Նևադայում:
Հատկապես այդ վերջին երկուսն են կարևոր Բայդենի համար, քանի որ Փենսիլվանիայում և Ջորջիայում նա Թրամփից առաջ անցնելու շանս չունի:
Ի դեպ, Վիսկոնսինում Բայդենը հավաքել է քվեների 49,6 տոկոսը, Թրամփը՝ 48,9, ըստ օրենքի, եթե տարբերությունը մեկ տոկոսից քիչ է, թեկնածուն ունի վերահաշվարկ պահանջելու իրավունք իրավունք:
Այս համաամերիկյան քվեարկությամբ նաև ընտրվում է 35 սենատոր և Ներկայացուցիչների տան բոլոր 435 կոնգրեսականները, 13 նահանգապետեր և տեղական իշխանության մարմիններ:
Վերընտրվում է Սենատի մեկ երրորդը և Ներկայացուցիչների ամբողջ պալատը
Սենատում այս պահի դրությամբ դեմոկրատները և հանրապետականներն ունեն 47-ական քվե, մեծամասնության համար անհրաժեշտ է 51:
Տեսականորեն կարող է հաստատվել հավասարություն՝ 50-ական ձայն երկու կուսակցություններից: Ըստ ամերիկյան օրենքների, այդ դեպքում ԱՄՆ փոխնախագահը կարող է հանդես գալ վճռական 51-րդ քվեով:
Թրամփի փոխնախագահը Մայք Փենսն է, Բայդենի հաղթանակի դեպքում փոխնախագահի պաշտոնը կստանձնի Քամալա Հարիսը:
Ներկայացուցիչների տանն այս պահի դրությամբ դեմոկրատներն ունեն 199, իսկ հանրապետականները՝ 188 քվե, այդ պալատում մեծամասնության համար անհրաժեշտ է 218 քվե:
Բողոքի ակցիաներ և դատական գործեր
Թրամփի և Բայդենի մեծ թվով աջակիցներ այս պահին ամերիկյան քաղաքներում ցույցեր են անցկացնում: Դեթրոյթում և Ֆենիքսում Թրամփի դառնացած հետևորդները պնդում են, որ դեմոկրատներն անազնիվ մեթոդներով գործող նախագահին զրկում են հաղթանակից:
Թրամփի թիմը դատական հայցեր է ներկայացնում և պահանջում է Միչիգանում, Փենսիլվանիայում և Ջորջիայում սառեցնել քվեների հաշվարկն ու ապահովել իրենց դիտորդների ներկայությունը:
Բայդենի հազարավոր աջակիցներն էլ ընտրական հանձնաժողովներից պահանջում են ավարտել քվեների հաշվարկը:
Թրամփը, Բայդենը և Ղարաբաղը
Հայ ընտրողների և ընդհանրապես հայաստանցիների համար կարևորը երկու թեկնածուների դիրքորոշումն է Ղարաբաղի հարցում:
Երկուսի համար էլ Ղարաբաղի պատերազմը նախընտրական արշավում բնավ առաջնահերթություն չի համարվել:
Թրամփը նախընտրական հանդիպումներում մի քանի անգամ գովեստի խոսքեր է շռայլել հայերի հասցեին, Վաշինգտոնում ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից առաջ՝ Նյու Հեմփշիրում անսպասելիորեն ասել է, թե «հարցը հեշտ է կարգավորել, երբ գիտես լուծումը»:
Պետական դեպարտամենտի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բանակցություններ, համաձայնեցվել է հրադադար, որը րոպեներ անց խախտվել է, ինչի կապակցությամբ Սպիտակ տունն ափսոսանք է հայտնել:
Բայդենն, իր հերթին, Թրամփին քննադատել է Ղարաբաղի հարցն անուշադրության մատնելու համար, որպես վտանգ է նշել Թուրքիայի ագրեսիվ կեցվածքն ու Ադրբեջանի զինումը և հավաստիացրել է, որ իր հաղթանակի պարագայում Ամերիկան կլինի ավելի ակտիվ և նախաձեռնողական ղարաբաղյան կարգավորման հարցում: