Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հակասություններ տեսնում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մեջ, համաձայն որի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են անցել Ջաբրայիլն ու Զանգելյանը: Ալիևը, հիշեցնենք, պատերազմի առաջին օրերին ևս հայտարարել էր այս տարածքների գրավման մասին: Ի պատասխան «Ազատության» հարցին` ՊՆ ներկայացուցիչն ասաց. - «Ես անկլավների մասին չեմ խոսի, որովհետև դա որոշակի ռազմական գաղտնիքներ է պարունակում: Ինչ վերաբերում է հակասությանը, այո, կան հակասություններ, և այդ հակասությունները նկատել են նույնիսկ Ադրբեջանի բնակիչները, ովքեր երեկ և այսօր համացանցում տարբեր ֆորումներում, հատկապես ռուսալեզու ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս` հերիք չի՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես»:
«Ազատության» մեկ այլ հարցի, թե ինչպիսին է իրավիճակը հիմա Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում, ի՞նչ զինատեսակով էր երեկ թիրախավորվել այն, և ինչո՞ւ է հատկապես հենց այդ բնակավայրը թիրախավորվել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. - «Զինատեսական հրետանային միջոց էր ոչ մեծ տրամաչափի: Ինչո՞ւ այս համայնքը, աշխարհագրությունը եթե ուշադիր նայեք քարտեզին, կարծում եմ` որոշակի ավելի պարզ կլինի: Այս պահին համեմատաբար հանգիստ է»:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանը կրակ է վարել Դավիթ Բեկի ուղղությամբ, կա մեկ զոհ և երկու վիրավոր: