Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են


Մի քանի ժամից, երբ Երևանում արդեն վաղ առավոտ կլինի, հայտնի կդառնան ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Այսօր տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ որոշելու են` արդյոք առաջիկա չորս տարիներին երկիրը շարունակելու է ղեկավարել Դոնալդ Թրամփը, թե աշխարհի թիվ մեկ գերտերության կառավարումը հանձնվելու է ամերիկյան քաղաքական դաշտի վետերաններից մեկին՝ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին։

2020 թվականի ընտրությունները էկանորեն տարբերվում են նախորդ տասնամյակների գրեթե բոլոր ամերիկյան ընտրարշավներից։ Այս անգամ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամերիկացի ընտրողների մեծամասնությունը գերադասեց քվեարկել փոստով կամ էլ վաղաժամ։ Վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն` վաղաժամ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 95 միլիոն ամերիկացի։ Համեմատության համար նշենք, ի դեպ, որ չորս տարի առաջ՝ 2016-ի նախագահական ընտրությունների ժամանակ, այս ցուցանիշը երկու անգամ ավելի ցածր էր։

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով, ի դեպ, փոստով և վաղաժամ են քվեարկել հիմնականում Ջոզեֆ Բայդենի ընտրողները։ Թրամփն ընտրարշավի ընթացքում բազմիցս իր թերահավատությունն էր հայտնել հատկապես փոստով քվեարկության արդարության և թափանցիկության հանդեպ, ինչը նրա ընտրազանգվածի մի զգալի մասի կողմից որպես բուն քվեարկության օրը տեղամասեր գնալու կոչ էր ընկալվել։

Ինչ վերաբերում է ընտրությունների հնարավոր ելքին, ապա սոցիոլոգիական վերջին հարցումները վկայում են, որ ամերիկացի ընտրողների մեծամասնությունը գերադասում է առաջիկա չորս տարիներին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում տեսնել Ջոզեֆ Բայդենին։

Reuters գործակալության պատվերով IPSOS հեղինակավոր ծառայության կողմից անցկացված հարցման համաձայն` Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացի ընտրողների 51, իսկ Թրամփի օգտին՝ 43 տոկոսը։ Սպիտակ տան ղեկավարը, սակայն, այս հարցումների հետ կտրականապես համաձայն չէ և համոզված պնդում է, թե վերընտրվելու է։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարեց իր վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ՝ Միչիգան նահանգում։

«Հարցումը սա է, երբ նման ամբոխ ես հավաքում։ Սա պարտվողի ամբոխ չէ։ Սա երկրորդ տեղ զբաղեցրած մարդու հավաքած ամբոխ չէ», - հայտարարում էր Թրամփը` դիմելով իր հազարավոր կողմնակիցներին։

Նույն ժամերին Միչիգանից հարյուրավոր կիլոմետրեր արևելք՝ Փիթսբուրգում, Ջոզեֆ Բայդենը կոչ էր անում իր կողմնակիցներին վերջ դնել Թրամփի իշխանության չորս տարիներին, որոնք դեմոկրատ թեկնածուն ողջ ընտրարշավի ընթացքում որակում էր որպես ձախողումների շարան։

«Վաղը մենք կարող ենք վերջ տալ մի նախագահության, որը պառակտում էր այս երկիրը և բորբոքում ատելությունը։ Վաղը մենք կարող ենք վերջ տալ մի նախագահի կառավարմանը, որը ի վիճակի չէ պաշտպանել այս երկիրը», - հայտարարում էր Բայդենը՝ դիմելով Փենսիլվանիայի բնակիչներին։

Երկու թեկնածուների պարագայում էլ վերջին հանրահավաքների տեղի ընտրությունը պատահական չէր։ Թե՛ Միչիգանը և թե՛ Փենսիլվանիան այսպես կոչված` տատանվող նահանգներ են համարվում, որտեղ երկու թեկնածուների վարկանիշերի տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Վերջին հարցումների համաձայն, օրինակ, Փենսլիվանիայում Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 50, իսկ Թրամփի օգտին գրեթե 46 տոկոսը։ Միչիգանում Բայդենի վարկանիշը ավելի քան 51 տոկոս է, Թրամփինը՝ 43: Թեժ պայքար է ակնկալվում նաև Ֆլորիդայում, որտեղ երկու թեկնածուների ցուցանիշների տարբերությունը մոտ 2 տոկոս է, և Հյուսիսային Կարոլինայում, որտեղ Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 48, իսկ Թրամփի օգտին` 47 տոկոսը։

Ամերիկացի փորձագետները նկատում են, որ այս տարի ընտրողների մասնակցության ցուցանիշը անհամեմատ ավելի բարձր է լինելու, քան 2016-ին։ Վերլուծաբանների համոզմամբ` այսօրվա ընտրությունների մասնակիցների թիվն ավելին կլինի, քան չորս տարի առաջ արձանագրված 138 միլիոնը։

Հավելենք, որ 2020 թվականի ընտրական երեքշաբթին ուղեկցվում է ԱՄՆ խոշորագույն քաղաքներում ոստիկանական ուժեղացված հսկողության սահմանմամբ։ Բանն այն է, որ դեռ մինչև քվեարկությունը Դոնալդ Թրամփն առանց որևէ կոնկրետ ապացույց ներկայացնելու հայտարարել էր, թե ընտրությունները կարող են կեղծվել, իսկ նրան աջակցող ծայրահեղ աջ խմբավորումները հավելել էին, թե կարող են որոշ նահանգներում տեղամասերի հարևանությամբ զինված հերթապահություն իրականացնել։ Սրան ի պատասխան` ամերիկացի ձախերը չէին բացառել, որ կարող են հենց ընտրությունների օրը կամ քվեարկության ավարտից անմիջապես հետո փողոց դուրս գալ։ Դա է պատճառը, որ ամերիկյան մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում` Սան Ֆրանցիսկոյում, Փորթլենդում և Սիեթլում հազարավոր խանութպաններ և ռեստորանատերեր անվտանգության հավելյալ միջոցների են դիմել՝ հնարավոր բռնություններից ու թալանից վախենալով։ Ցուցարարների գործողությունները կանխելու նպատակով հատուկ ոստիկանական պատնեշ է կառուցվել նաև մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց։

XS
SM
MD
LG