Ամերիկացի բարձրաստիճան հանրապետականները հավաստիացրել են, որ կընդունեն նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Նրանք այդ մասին հայտարարել են այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 23-ին հրաժարվել է հստակ ու դրական պատասխանել պարտվելու դեպքում լիազորությունները հաջորդ նախագահին խաղաղ եղանակով փոխանցելու մասին հարցին:
Թրամփի այդ մեկնաբանությունը մեծ աղմուկ է առաջացրել թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատականների շրջանում:
Մի խումբ հանրապետական օրենսդիրներ հայտարարել են, որ գործող նախագահի պարտության դեպքում տեղի կունենա խաղաղ իշխանափոխություն, ինչը երաշխավորվում է երկրի Սահմանադրությամբ, իսկ դեմոկրատականներն ասել են, թե Թրամփը չի կարող անտեսել մարդկանց քվեները:
«Նոյեմբերի 3-ի ընտրությունների հաղթողի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին: Կլինի կանոնակարգված իշխանափոխություն, ինչը տեղի է ունենում ամեն չորս տարին մեկ՝ սկսած 1792 թվականից»,- Թվիթերում գրել է Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոննելը:
«Նախագահը կընդունի ազատ և արդար ընտրությունների արդյունքները»,- ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի ՄըքԷնանին:
Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին Թրամփին հասցեագրված մեկնաբանությամբ հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները դեմոկրատական պետություն է:
«Դուք Հյուսիսային Կորեայում, Թուրքիայում կամ Ռուսաստանում չեք»,- ընդգծել է Փելոսին: