Մատչելիության հղումներ

Արտակ Բեգլարյանը պատերազմական հանցագործություն է որակում ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելը


Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որում ենթադրաբար հայ ռազմագերիներին են գնդակահարում:

Բեգլարյանը գրում է, որ ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում են արցախցի ռազմագերիներին, որոնցից մեկը տարեց քաղաքացիական է:

«Մենք արդեն ունենք այսպիսի պատերազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է», - նշել է նա:

Ըստ Բեգլարյանի` սա Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույցն է:

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու գործընկերները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և աջակցել սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված երկու զինծառայողներին Հայաստան վերադարձնելու հարցում։ Զեյնալյանն ասել էր, որ իրենց են դիմել զինծառայողներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի հարազատները. համացանցում տեսանյութ էր տարածվել, որով էլ կարողացել էին նույնականացնել զինվորներին։

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, սակայն, «Ազատությանը» փոխանցեց, որ այդ տեսանյութում պատկերվածները Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը չեն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, պնդում է, թե այդ տեսանյութը ոչ մի կապ չունի ադրբեջանական բանակի հետ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր հերթին նշել է, որ այսօր ձեռք է բերել «հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ»:

«Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ: Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաև թիրախավորելով երեխաների ու տարեցների:

Այնուհետև, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաև ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում», - ասված է Արման Թաթոյանի ղեկավարած կառույցի հաղորդագրության մեջ:

Ըստ Թաթոյանի` տեսանյութերն ու լուսանկարներն արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ, դրանք անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG