Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան ապօրինի զենք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի


Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնում է գլխավոր դատախազությունը:

Պարզվել է, որ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և Հ.Մ-ի վարած ավտոմեքենայում ապօրինի պահելով՝ ապօրինի փոխադրել են հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի 2 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի 77 փամփուշտ և պայթուցիկ սարք հանդիսացող Ֆ-1 տեսակի 1 նռնակ: Հոկտեմբերի 26-ի երեկոյան դրանք հայտնաբերվել և վերցվել են Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրից դեպի Արցախ տանող ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմնի աշխատակիցների կողմից:

Ինչպես հայտնում են դատախազությունից, սրա կապակցությամբ ոստիկանության Գորիսի բաժնում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, ինչը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և նախաքննություն կատարելու համար ուղարկվել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Մարզի դատախազի հանձնարարությամբ, դատախազության հաղորդագրության համաձայն, ձերբակալվել են նշված ավտոմեքենայի սեփականատերը, վարորդը և ուղևորը, ինչից հետո այսօր նրանց մեղադրանք է առաջադրվել վերը նշված հոդվածով: Դատախազի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Հաղորդվում է, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG