Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։ Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց կալանավորելու համար։ Ըստ իրավապահների` դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և Հ.Մ-ի վարած ավտոմեքենայով ապօրինի փոխադրել են երկու ինքնաձիգ, 77 փամփուշտ և 1 նռնակ:
Իրավապահներն այս ամենը հայտնաբերել են հոկտեմբերի 26-ին։ Քրեական գործ է հարուցվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը հոդվածով։ Ավտոմեքենայի սեփականատերը, վարորդը և ուղևորը ձերբակալված են։
Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու փորձերին անդրադառնալով, ընդգծել էր, որ դրանցում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք։ Ընդ որում, նրանք այդ քայլին են դիմել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով: Ազգային անվտանգության ծառայությունը նաև զգուշացրել էր, որ իրավապահները համարժեք կոշտ միջոցներ կձեռնարկեն անօրինականություններ կատարողների նկատմամբ։
Ապօրինի զենքի տեղափոխումը սաբոտաժ է, դեմն առնել է պետք. կարծիքներ
Իրավապաշտպաննները նկատում են՝ զենքի անօրինական փոխադրման դեպքերը ակտիվանում են հատկապես պատերազմական ժամանակաշրջանում։
Վարդան Հարությունյանն ասում է` պատերազմը շեղում է բոլորի ուշադրությունը, ինչի հետևանքով անօրինականությունների լայն հնարավորություն է բացվում. - «Բոլորովին զարմանալու կարիք չկա, որովհետև պատերազմները բացի նրանից, որ բերում են արյուն, մահեր, հաղթանակներ, պարտություններ, նաև լավ առիթ են դառնում զենքի տեղափոխման ոչ միայն Հայաստանում, աշխարհի բոլոր երկրներում, որտեղ պատերազմներ են լինում, այդ կարգի բաներ լինում են: Դրանից պետք չէ ո՛չ նեղվել, ո՛չ էլ զարմանալ, դրա դեմ պետք է ընդամենը պայքարել»:
Վարդան Հարությունյանը վերհիշում է ոչ վաղ անցյալում՝ արցախյան առաջին պատերազմի տարիներին և դրանից հետո նույնանման իրավիճակները, երբ պատերազմին զուգահեռ գտնվում էին մարդիկ, որ զբաղվում էին անօրինական զենքի ձեռքբերմամբ, դրանք պահում տներում, որոշ դեպքերում էլ հանցագործություններ կատարում այդ զենքերով. - «90-95 թվականներին, մինչև 94 թվականը ձգված պատերազմի ընթացքում Հայաստան Ղարաբաղից այնքան զենք էր տեղափոխվել, որ մինչև այսօր էլ հաղորդագրություններ ենք չէ՞ կարդում ոստիկանությունից, որ այսինչը զենք հանձնեց, այսինչ տեղում հայտնաբերվեց, այսինքն` այն ժամանակներից, այն տարիներից դեռ կան, և զարմանալու կարիք չկա, ուղղակի պետք է պայքարել դրա դեմ, քչացնել հնարավորինս դա, որովհետև այն զենքերը, որ գալիս են Երևան, Հայաստան, մի օր դրանք պետք է կրակեն: Պետք է ամեն ինչ արվի, որ դա տեղի չունենա»:
Իրավապաշտպան և փաստաբան Նինա Կարապետյանցին ավելի շատ զարմացրել է քրեական ենթամշակույթ կրողների դրվագը։ Կարապետյանցը չի բացառում, որ նրանց հետևում այլ ուժեր կանգնած լինեն. - «Սպասենք պաշտոնական տեղեկատվությանը, հուսամ, որ այս անգամ գոնե նման խայտառակ և անբարոյական քայլը չի մնա առանց գնահատականների, և հանրությունն էլ կիմանա, թե ովքեր են կանգնած եղել այս ամեն ինչի թիկունքում, անվանական կիմանա, թե ովքեր են կանգնած եղել: Հուսամ` իրավապահ մարմիններն էլ բավարար արժանապատվություն և բծախնդրություն կունենան` մինչև վերջ բացահայտելու և շատ խիստ պատժելու այն մարդկանց, ովքեր ռազմական դրության, պատերազմի դրության պայմաններում, երբ զինամթերքը, էն որ ասում են` հատիկ-հատիկ հաշվված են փամփուշտներն ու մնացած ամեն ինչը, փորձել են նման գործողություն իրականացնել: Սա ոչ միայն զենքի ապօրինի տեղափոխումն է, ապօրինի պահելն է, սա նաև դավաճանություն է, սա սաբոտաժ է, սա հայրենիքի դավաճանություն է»:
Կարապետյանցի կարծիքով` այս ամենը դժվար տեղի ունենար, եթե արցախյան պատերազմից հետո պատժվեին անօրինական զենք պահողները. - «Դժվար թե ռազմաճակատից զենքը դեպի Հայաստան բերվի բարի նպատակներով կամ ինչ-որ դրական էմոցիաներով կամ նպատակներով տոգորված: Դա բացառված տարբերակ է: Ամենայն հավանականությամբ զենքը պիտի կրակեր և պիտի կրակեր դրա համար չնախատեսված վայրում և տարածքում, և դրա փորձը մենք ունեցել ենք սկսած Մարտի 1-ի անորոշ զենքերից, վերջացրած Հոկտեմբերի 27-ի անհասկանալի զենքերից և այն դժբախտությունից, որը մենք ունեցանք»:
Իրավապաշտպան Կարապետյանցը պնդում է, որ այս հարցը ևս պետք է հեղափոխությունից հետո պատշաճ ուշադրության արժանանար։