Մատչելիության հղումներ

Երևանում ու Ստեփանակերտում ժնևյան բանակցություններից ակնկալիքները մեծ չեն


Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական դիրքում, հոկտեմբեր, 2020թ.
Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական դիրքում, հոկտեմբեր, 2020թ.

Երևանում ու Ստեփանակերտում ժնևյան այսօրվա բանակցություններից սպասելիքները մեծ չեն՝ աչքի առաջ ունենալով մարդասիրական հրադադար հաստատելու նախորդ երեք ձախողված փորձերը։

Վաշինգտոնյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն այսօր՝ Ժնևում, ինչպես համանախագահներն էին ձևակերպել՝ «քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասում է՝ իրենց սպասելիքներն իրատեսական են՝ բանակցությունները կարևորում են, բայց և տեսել են՝ Ադրբեջանը երեք անգամ ձախողել է հրադադարի պայմանավորվածություններրը։

«Մենք հասկանում ենք, որ ցանկացած հանդիպում շատ կարևոր է, որովհետև, ի վերջո, բանակցություններ են, էլի, որոնք միշտ էլ գերադասելի են պատերազմից: Բայց նաև իրատեսական ենք, որովհետև գիտենք, որ անկախ պայմանավորվածություններից՝ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը որևէ ձևով չի հարգելու այդ պայմանավորվածությունները», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդականը:

Բաբայանը կարծում է՝ ժնևյան բանակցություններից առաջ Ադրբեջանը երեկ հատուկ է թիրախավորել քաղաքացիական օբյեկտները՝ ահաբեկելու համար։ «Ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի մենք ունենք ամենաազնիվ թշնամիները, որովհետև երբեք նրանք որևէ ձևով չեն թաքցրել իրենց բուն նպատակները: Նրանք հատուկ հրթիռակոծել են, հատո՛ւկ, ծննդատունը, Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը, ռուսական դպրոցը՝ Գրիբոյեդովի անվան, և Շուշիում Մշակույթի տունն ու դպրոցը՝ եկեղեցու մոտ՝ ահաբեկելու և ցույց տալու, որ որևէ բանի առաջ կանգ չեն առնելու: Չեն հասկանում, դրանով որ մեզ ավելի են գոտեպնդում», - ընդգծեց արցախցի պաշտոնյան:

Հայաստանի Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը կարծում է՝ այսօրվա բանակցություններում դիվանագիտական տեսանկյունից Հայաստանի դիրքերը բավականին ամուր են. միջազգային հանրությունը հստակ գիտի՝ ով է հրադադարը խախտում և ինչ ահաբեկչական ուժեր են կենտրոնացված Ադրբեջանում։ Բայց այս պահին, ասում է, բանակցային գործընթացի հետ մեծ հույսեր չի կապում. - «Որևէ կերպ այսօր առանց ճնշումների, առանց պատժամիջոցների և առանց շատ ավելի լուրջ, առանց հայտարարություններից դուրս գործողությունների Ադրբեջանը չի նստելու բանակցությունների սեղանի շուրջ, և միակ ելքը այստեղ, միջազգային հանրության կողմից որ պետք է արվի, դրանք, բնականաբար, հայտարարությունները չեն, այլ՝ շատ հստակ գործողությունները»: «Բանակցային գործընթացներից այս պահի դրությամբ, գոնե այս փուլում, և ընդհանրապես միջազգային հանրության հետ շատ հույսեր չեմ կապում: Առաջիկայում իմ սպասումը բանակից է», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց պատգամավորը:

Մեկ ամսվա ընթացքում հայկական կողմը Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների բավականաչափ ապացույցներ է հրապարակել, որոնք կարող էին կոնկրետ պատժամիջոցների հիմք դառնալ, կարծում է «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը։ Միջազգային հանրությունն, ըստ նրա, ուղղակի իր առաքելությունը ստորադասում է քաղաքական ու տնտեսական շահերին։ Ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորի միակ սպասելիքն այս պահին բանակից է։

«Մեծ սպասելիքներ ունենալ այդ ժնևյան բանակցություններից պետք չէ, որպեսզի նաև միաժամանակ չհիասթափվենք, որովհետև, ըստ էության, Ադրբեջանը արդեն որոշող գործոն չէ՝ թե՛ ռազմական և թե՛ քաղաքական առումով, և բոլոր խաղաքարտերը Թուրքիայի ձեռքում են: Նաև դրանով է պայմանավորված, որ այն հրադադարը, որը երեք անգամ փորձ արեցին համանախագահ երկրները նախաձեռնել, Թուրքիայի սադրիչ գործողություններով դրանք տապալվում են, որովհետև Թուրքիան ուզում է ասել, որ «դուք այլևս հեղինակություն չեք այս բանակցային գործընթացում, և եթե ուզում եք լինի հրադադար, և եթե ուզում եք լինի խաղաղ բանակցության փուլ, ուրեմն ես պիտի դառնամ բանակցային գործընթաց»: Բայց դե, միևնույն ժամանակ, մենք նաև հասկանում ենք, որ պատերազմի սադրիչը չի կարող լինել խաղաղության բանակցող», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Սամսոնյանը:

XS
SM
MD
LG