Մատչելիության հղումներ

Փաշինյանի պնդմամբ` ՊԲ-ն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար


Այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն կանգնուն է, և այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, ժողովրդի, մարդու շնորհիվ է, իր ուղերձում քիչ առաջ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին: Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:

Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ ժողովուրդը կռվելու է անմնացորդ` ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի, ամեն միլիմետրի համար, և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու: Հենց այս պահը հասունացնելն է Արցախի պաշտպանության բանակի խնդիրը, և մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թև ու թիկունք լինենք: Այս խնդիրների լուծման համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում և կարգապահության: Ռազմական դրության, առավել ևս մարտական դրության պայմաններում պիտի գործի հրամաննները անվերապահորեն և առանց քննարկման կատարելու տրամաբանությունը: Հրամանները չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության և հանրային արգահատանքի: Որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում», - հայտարարեց գերագույն գլխավոր հրամանատարը:

Նա նշեց` տեղյակ է, որ երեկվա իր ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել, և նկատեց` թող տարօրինակ չթվա, բայց ուրախ է դրա համար: «Այդ ելույթն ուներ երկու նպատակ` միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը և նաև հայ ժողովրդի հաստատակամությունն Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ: Երկու խնդիրն էլ լուծված են լիովին, մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձևով», - նկատեց վարչապետ Փաշինյանը:

«Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Երբեք չի մոռանա», - ասաց նա:

«Ամեն ինչ հանուն Արցախի», այս տրամաբանությունն է, որ ըստ Հայաստանի ղեկավարի, պետք է գործի բոլորի մոտ:

Բացի այդ, նա նկատեց` ամբողջ աշխարհում արդեն լրիվ այլ է պատկերացումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, այժմ, ըստ նրա, բոլորի համար է հասկանալի, որ Ադրբեջանը ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ չէ որևէ փոխզիջման:

«Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից, թույլ չենք տալու ներքին և արտաքին որևէ ուժի կասկած սերմանել ազատ և երջանիկ մեր ապագայի նպատակ, մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից», - կոչ արեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ իր ղեկավարած կառավարությունը որևէ վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու հաղթանակի ճանապարհը ցույց տալու իր գործից ու պարտականությունից:

XS
SM
MD
LG