Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորները «հրատապ պայման» են համարում Արցախի ճանաչումը


Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Դանիել Ղազարյանը (կ) և Ժան-Միշել Միսը (ա) «Ազատության» տաղավարում։
Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Դանիել Ղազարյանը (կ) և Ժան-Միշել Միսը (ա) «Ազատության» տաղավարում։

«Ազատությունը» հյուրընկալել է պատգամավորներ Ժան-Միշել Միսին (Jean-Michel Mis) և Դանիել Ղազարյանին (Danièle Cazarian):

Ավարտվում է Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորների այցը Հայաստան: Տարբեր խմբակցություններ ներկայացնող մեկ տասնյակից ավելի օրենսդիրները հանդիպումներ են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ:

«Ազատությունը» հյուրընկալել է պատգամավորներ Ժան-Միշել Միսին (Jean-Michel Mis) և Դանիել Ղազարյանին (Danièle Cazarian): Նրանք Էմանյուել Մակրոնի առաջնորդած «Առաջ Հանրապետություն» կուսակցության անդամներ և խորհրդարանի մեծամասնության` համանուն խմբակցության պատգամավորներ են։

«Ազատություն»․ - Օդանավակայանից սկսած ձեզ արդեն հարցնում էին՝ արդյո՞ք այցելելու եք Արցախ։

Դանիել Ղազարյան․ - Անշուշտ մեր Հայաստան գալու առաջնային նպատակն էր այցելել Արցախ։ Երբ որ մենք իջանք Հայաստանում, մենք դեռ այդ նպատակը փափագում էինք։ Մեր առաջին օրվա հանդիպումների եզրահանգման ժամանակ մենք հասկացանք, որ մենք վտանգելու ենք ոչ միայն մեր կյանքը, մենք վտանգելու ենք բոլոր նրանց կյանքը, ով ապահովելու է մեր անվտանգությունը։ Եվ սակայն մենք որոշակի գործողություններ իրականացրեցինք, որպեսզի մաքսիմալ մոտենանք տարածաշրջանին։ Դա մեզ թույլ տվեց նաև վկան լինել այն հումանիտար ծանր իրավիճակին, որի առաջ այսօր կանգնած են և՛ Արցախը, և՛ Հայաստանը։ Դա նաև մեզ թույլ տվեց հասկանալ, թե որ աստիճան մենք այսօր պետք է ընդդիմանանք նման տիպի ագրեսիային։ Դուք գիտեք, որ նախագահ Մակրոնը առաջիններից մեկն է եղել, որ իրերն անվանել է իրենց անուններով՝ հրահրողին, և առերեսվել այն խնդրի հետ, որն այսօր առաջացնում է Թուրքիայի կողմից սնուցվող բռնությունը․ բռնությունը հանդեպ Արցախի, բռնություն հանդեպ Հայաստանի այն իսկ փաստով, որ այս տարածաշրջանում հայտնվել են ջիհադիստներ, որոնք այլ կերպ չէին կարող հայտնվել այստեղ, եթե չլիներ Թուրքիայի միջամտությունը։

«Ազատություն»․ - Ես որքանով հասկացա, դուք հնարավորինս մոտեցել եք Արցախի սահմանին՝ ծանոթանալու իրավիճակին, այնուամենայնիվ չեք հատել այն։

Ժան-Միշել Միս․ - Մեր պատվիրակությունը Հայաստան է եկել բավականին մեծ կազմով՝ Ֆրանսիայի խորհրդարանի կուսակցությունների մեծ մասը։ Այստեղ շատ տարբեր կուսակցությունների, հայացքների մարդիկ են համախմբվել։ Բայց համախմբվել են մեկ գաղափարի շուրջ, այն է՝ շուտափույթ օգնություն հասցնել Արցախին, լինել օգտակար և անպատճառ ամենը անել, որպեսզի այս հակամարտությունը հնարավոր լինի կանգնեցնել առանց որևէ նախապայմանների։ Առաջնահերթը դա էր։ Մյուս կողմից, մենք այդ գործն իրականացնելու համար պետք է անպատճառ հանդիպեինք Արցախի ղեկավարության հետ, և դա հնարավոր էր անել նման պայմաններով՝ գալ հասնել մի այնպիսի կետի, որտեղ հնարավոր կլիներ կազմակերպել այդ հանդիպումները։ Այդ պատճառով մենք գնացինք մեկս մյուսին ընդառաջ։ Հանդիպումը կայացավ, մենք շատ մեծ ծավալով, բավարար տեղեկատվություն ստացանք հանդիպման ընթացքում։ Միևնույն ժամանակ, մենք այս ամբողջ ընթացքում շատ լավ գիտակցել ենք այն հետևանքները, որ կարող էր ունենալ մեր՝ Արցախ մտնելու փաստը։ Միևնույն ժամանակ մեր պատվիրակությունը ողջ կազմով անվանեց այն, ինչ տեղի է ունենում այստեղ, հանցագործություն, որի պատասխանը պիտի տրվի, որը պիտի անպայման դատապարտվի։

«Ազատություն»․ - Արդյո՞ք ձեզ ներկայացվել են ապացույցներ խաղաղ բնակչության դեմ կիրառված բռնությունների և արգելված զենքերի կիրառման վերաբերյալ։

Դանիել Ղազարյան․ - Դրա ապացույցները մենք տեսանք նաև «Էրեբունի» հիվանդանոց այցի ժամանակ։ Երբ տեսնում եմ, որ մի ամբողջական հիվանդանոց զբաղված է նրանով, որ այդ վիրավորներին է ընդունում, ոչ միայն զինվորներ, այնտեղ կան և քաղաքացիական բնակչություն, որոնք չունեն ոտք, ձեռք, երբեմն դեմք․․․ 18-20 տարեկան երիտասարդներ, որոնք երբևէ այլևս չեն քայլելու, և որոնք խիզախություն ունեն ժպտալու և մեզ ասելու բարի գալուստ։ Դա մեզ ապացուցում էր, բացատրում էր, թե ինչ աստիճան են կռիվները դաժան, անմարդկային։ Եվ այդ օգտագործված զենքերը, որոնք ամենուր արգելված են, այսօր կիրառվում են այս տարածքում՝ մարդկանց դարձնելով հաշմանդամ։ Որովհետև դրանք այնպիսի զենքեր են, որոնցից հետո մարդը անդամալույծ է դառնում․․․ միանգամից մարդու մարմնի մի քանի մասեր է վիրավորում։ Մարդու իրավունքների մասին այլևս խոսելու չէ, այս հակամարտության մեջ այն աստիճան են դրանք ոտնահարված։ Մեր վրա մեզ ազդեցություն թողեցին այս հանդիպումները։ Ինչպես նաև հանդիպումը քաղաքացիական բնակչության հետ, որը տարհանվել է և գտնվում է Հայաստանի տարբեր մեծ ու փոքր քաղաքներում։ Այս քաղաքացիական բնակչությունը ևս հերոսական է, ինչպես հերոսական է հայ մարտիկը Արցախում։ Ես հանդիպում ունեցա, մասնավորապես, մի երիտասարդ կնոջ հետ, որը երկու փոքր երեխաների հետ գտնվում էր Հայաստանի տարածքում արդեն՝ գյուղի այլ կանանց ու երեխաների հետ մեկտեղ, և նրա խոսքում հնչում էր հետևյալը՝ իմ հայրը, իմ ամուսինը այնտեղ են, կգան թե չէ՝ հայտնի չի։ Բայց այդ հողից մենք չենք հեռանալու։

Ժան-Միշել Միս․ - Այն, ինչին նրանք ուզում են հասնել, դա ոչնչացնելն է համընդհանուր մարդկային արժեքները։

«Ազատություն»․ - Պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը միջազգային հանրությանն են դիմում՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը հանուն ժողովրդի փրկության։ Կա նախաձեռնություն, ստորագրություններ են հավաքվել ձեր կողմից Արցախի անկախության ճանաչման։ Այդ փաստաթուղթը ի՞նչ հեռանկար կարող է ունենալ։

Դանիել Ղազարյան․ - Այդ բանաձևի ընդունումը հրատապ անհրաժեշտ պայման է։ Արցախի ժողովուրդը իրավունք ունի ինքնորոշման, իր հողի վրա խաղաղ ապրելուն։ Վերադարձից միանգամից հետո մենք բոլորս շուտափույթ զբաղվելու ենք այդ հարցով, որպեսզի Ֆրանսիան օր առաջ ճանաչի Արցախի անկախությունը։

«Ազատություն»․ - Ձեր օդանավը դեռ Երևանուն վայրէջք չէր կատարել, երբ պաշտոնական Բաքուն արդեն դատապարտեց այս այցը, որ այն կարող է կասկածի տակ դնել Ֆրանսիայի չեզոքությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Դանիել Ղազարյան․ - Մեր այցը Հայաստան ընդամենը մեր նախագահի գործողությունների շարունակությունն է, և դա ի նպաստ է Մինսկի խմբի բանակցային պրոցեսին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG