Մատչելիության հղումներ

Արցախի Մարտունիում մնացած մարդկանց միակ ցանկությունը խաղաղությունն է


Օրեր շարունակ հրթիռահրետակոծվող Մարտունիում գրեթե փողոց չկա, որտեղ տեսանելի չեն պատերազմի հետևանքները. կիսավեր, փլուզված տներ, վնասված, այրված մեքենաներ ու դատարկ փողոցներ: Մարտունեցիների մեծ մասը ստիպված է եղել լքել սեփական տունը:

«Մեր տունն էստեղ ա, մեր հողն էստեղ ա, ո՞նց գնանք, ո՞ւր գնանք... Մեռնեմ՝ էստեղ պըտի մեռնեմ, կռվեմ՝ էստեղ պըտի կռվեմ մեր դուշմանի հետ», - ասում է տարիքն առած մի տղամարդ։

«Շատ լավ պահում են տղեքը պոստերն էլ, քաղաքն էլ», - հավելում է մեկ ուրիշը։

Մարտունիում մնացած տարեց բնակիչները հիմա մի ցանկություն ունեն` խաղաղություն: Պատերազմը նրանցից շատերի համար թանկ գին է ունեցել.

Յուրի Հովսեփյանի թոռը օրեր առաջ է զոհվել․ - «Ցավը տանեմ նրա, զոհվել ա էս կռվումը․․․Ես ցանկանում եմ բոլորին առողջություն, մեր հայ ժողովրդին, հաղթենք, որպեսզի մեր Արցախը դառնա ազատ․․․ Միասին մի բռունցք ենք, պիտի գնանք առաջ»։

Մարտունիում սնունդ մատակարարող ընկերություններից մեկի պահեստում օրեր առաջ 2 քաղաքացի էր զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել էին:

Մեկ այլ տարեց մարտունեցի տարակուսում է․ - «Էդ ե՞րբ պիտի պրծնի էս հարցերը։ Հինչ ասում ա Ֆրանցիա, հինչ-որ Անգլիա, ինչ գիտեմ Ամերիկա են ասում։ Էդ չի լսում, բայց մինչև ե՞րբ։ Ավարտվելու ա, ավարտվելու ա, բայց խի ա էսքան երկարում, ինչի՞ համար ա երկարանում»։

XS
SM
MD
LG