Մատչելիության հղումներ

Եվրոպայում ցույցեր անող հայերը ծայրահեղ քայլերի դիմելու մասին են հայտարարում


Հազարավոր հայեր Ֆրանսիայի տարբեր քաղաքներից այսօր հասել էին Ստրասբուրգ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև` բարձրաձայնելով՝ Ադրբեջանն արգելված զինատեսակներով ավերում է Արցախը, սպանում խաղաղ բնակչությանը, գլխատում հայ զինվորին, խոշտանգում, ստորացնում և գնդակահարում հայ գերիներին։ Հայաստանի ու Արցախի դրոշները ծածանելով` հայերը վանկարկում էին՝ «հայերի բարեկամ Ֆրանսիա, ձեր լռությունը հանցագործություն է, մենք խաղաղություն ենք ուզում, աշխարհը պետք է ճանաչի Արցախի անկախությունը»:

Ֆրանսիայում երկար տարիներ բնակվող Ստելլա Դավթյանը ցույցի կազմակերպիչներից է։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ֆրանսիան միշտ աչքի է ընկել իր մարդասիրությամբ ու մարդու իրավունքներն ամեն ինչից վեր դասելու քաղաքականությամբ, նեղսրտեց՝ ինչո՞ւ այսօր նույն Ֆրանսիան կոշտ գնահատականներ չի հնչեցնում Արցախը բնաջնջելու Ադրբեջանի քայլերին։ Բազմահազարանոց ցույցի մասնակից-կազմակերպիչը վստահեցրեց՝ եթե Ֆրանսիան շարունակի այս հարցում իր չեզոք դիրքորոշումն ու սահմանափակվի միայն կոչերով, ապա իրենք ծայրահեղ քայլերի կդիմեն. - «Այսօր այստեղ ենք, վաղը աերոպորտն էլ ենք փակելու, Եվրոպան կանգ է առնելու, էկոնոմիկային ենք կպչելու, բոլորին ենք կպչելու, եթե մեզ չլսեն: Մեր ուզածը պատերազմ չէ, մեր ուզածը ոչ մի ուրիշ բան չէ, մեր ուզածը խաղաղությունն է: Եվրոպան չի տեսնում, աշխարհը չի տեսնում, լռել են, կուրացել են, չենք հասկանում` ինչ է կատարվում»:

ՄԻԵԴ-ի առջև շուրջ 3 ժամ ընթացած հայերի բողոքի ակցիան ավարտվեց, երբ մասնակիցներից մեկը հայտարարեց, որ դատարանից դուրս են եկել ու վերցրել իրենց նամակը։ Բողոքի ակցիան Ստրասբուրգում ավարտելուց առաջ մասնակիցները հայտարարեցին՝ հաջորդը կլինի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Ի դեպ, ՄԻԵԴ-ի առջև այսօրվա ցույցին հայերին էին միացել նաև եզդիական համայնքի ներկայացուցիչները. - «Մեր ձայնը չի լռելու, մենք միշտ հավաքվելու ենք, բոլորս միասին պայքարելու ենք այնքան, մինչև որ պատերազմը դադարի: Կտեսնվենք Բրյուսելում»:

Շվեդիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյոթեբորգում հավաքված հայերը Շվեդիայի իշխանություններից պահանջում են դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան, ճանաչել Արցախի անկախությունը, հավասարության նշան չդնել Արցախի ու Ադրբեջանի միջև։ Ցույցի մասնակիցներից Ռուբինա Մանուկյանն «Ազատությանն» ասաց՝ տեղական լրատվամիջոցներց մեկը հրապարակել էր Արցախի ավերված շենք-շինությունների կադրերն ու գրել, որ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա։ Ասաց՝ տեղի հայ համայնքի բուռն արձագանքից հետո հոդվածը հեռացվել է. - «Դրանից հետո այն, ինչ որ իրենք տպագրում են, իրենք հավասարության նշան են դնում, փորձում են նեյտրալ ինչ-որ կոչեր անել` դադարեցնել կրակը, դադարեցնել պատերազմը, բայց այս երկիրը հաջորդ տարի պետք է լինի ԵԱՀԿ-ի նախագահող երկիր, և մենք պահանջում ենք, որպեսզի նրանք լինեն օբյեկտիվ: Իրենք համարվում են դեմոկրատիայի ջատագով երկիր, որտեղ դեմոկրատիան բավականին մեծ բաների է հասել, ուրեմն պահանջում ենք, որ լինեն նրանց ազնիվ ու իրողությունը ճիշտ բառերով ներկայացնեն, ոչ թե հավասարության նշան դնել երկու կողմերի միջև»:

Շվեդիայի հայերը որոշել են համաժամանակյա ցույցեր կազմակերպել երկրի այն քաղաքներում, որտեղ հայեր են բնակվում։ Գյոթեբորգին զուգահեռ բողոքի ակցիա է անցկացվել նաև Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Պահանջը նույնն է՝ ճանաչել Արցախի անկախությունն ու դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային, սանկցիաներ կիրառել այս երկրների հանդեպ և դուրս մղել նրանց եվրոպական քաղաքակիրթ երկրների շարքից։ Ակցիայի մասնակցիները քայլերթով գնացել են դեպի Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատուն։ Տեղից «Ազատության» հետ զրուցել է Արմինե Սաղյանը. - «Մեր պահանջն այն է, որ աշխարհը չլռի, թույլ չտա` երկրորդ ցեղասպանությունը հիմա տեղի ունենա մեր աչքերի առաջ, և սա հերթական արդեն չորրորդ, թե հինգերորդ այդպիսի ցույցն է, որ Շվեդիայի հայերը կազմակերպում են: Պահանջը մեկն է` ճանաչել Արցախի անկախությունը, որովհետև դա մենք տեսնում ենք միակ ձևը` փրկելու այսօր Արցախում և փրկելու ընդհանրապես հայի գենոֆոնդը»:

Պատերազմի 27-րդ օրն է, հայկական կողմն արդեն 900-ից ավելի զոհ ունի։ Գերմանական Նյուրնբերգի հայ համայնքն ի հիշատակ ռազմաճակատում զոհվածների և հանուն խաղաղության՝ քաղաքի կենտրոնում մոմավառություն էր կազմակերպել։

XS
SM
MD
LG