Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը (Nationalrat) միաձայն ընդունել է բանաձև, որով դատապարտել է Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և, մասնավորապես, զենքի տրամադրումն Ադրբեջանին:
Բանաձևը քննարկման են ներկայացրել պատգամավորներ Ռայնհոլդ Լոպատկան, Էվա Էրնստ-Դիդիչը և Պամելա Ռենդի-Վագները:
Ավստրիան Եվրամիության այլ երկրների հետ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու համար:
Նախօրեին Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը Վիեննայում հայտարարել է, թե մինչ միջազգային դերակատարները Ռուսաստանի մասնակցությամբ փորձում են մարել Լեռնային Ղարաբաղի հրդեհը, Թուրքիան խոսքով և գործով բորբոքում է հակամատրությունը։
«Մենք գիտենք, որ հումանիտար հրադադարը մազից է կախված, բայց դա ճիշտ քայլ է իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, սակայն Անկարան շարունակում է յուղ լցնել կրակի վրա», - ասել է Շալենբերգը:
Ավստրիայի ԱԳ նախարարը երեկ վերահաստատել է, որ կանցլեր Սեբաստյան Կուրցի առաջարկն ուժի մեջ է, և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կարող են ցանկության դեպքում բանակցել Վիեննայում:
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։