Մատչելիության հղումներ

Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ստեփանակերտում պայթյունի ձայներ չեն հնչում


Արցախ - Հրետակոծված Ստեփանակերտը, 8-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախ - Հրետակոծված Ստեփանակերտը, 8-ը հոկտեմբերի, 2020թ.

Այսօր ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը, և այդ ընթացքում Ստեփանակերտում պայթյունի ձայներ չեն հնչել:

Կեսօրին, այդուհանդերձ, մի քանի անգամ հնչեց օդային տագնապի ազդանշան, ինչը ենթադրում է, որ Արցախի մայրաքաղաքի երկնքում անօդաչու թռչող սարք կա, և հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է այն չեզոքացնելու ուղղությամբ: Որոշակի ընդմիջումներով շուրջ կես ժամ ձգված ազդանշանին պայթյուններ, սակայն, չհաջորդեցին:

Նախօրեին Մոսկվայում մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների ընթացքում ևս Ստեփանակերտը չէր հրթիռակոծվում, բայց դարձյալ պարբերաբար հնչում էին հակաօդային տագնապի ազդանշանները:

Այսօր Ստեփանակերտի փողոցները, չնայած կրակի դադարեցման մասին համաձայնությանը, մարդաշատ չէին: Մեզ հանդիպած բնակիչները դա բացատրում էին նաև նրանով, որ հակառակորդի նկատմամբ վստահություն չունեն, օրինակ էին բերում սահմանի լարված վիճակը և նշում էին, որ վստահություն չունեն հրադադարի պայմանավորվածության նկատմամբ:

Կային նաև քաղաքացիներ, ովքեր ողջունում էին այդ պայմանավորվածությունը՝ չնայած ժամանակավոր է, նշում էին, որ իրենց համար ևս անընդհատ ապաստարաններում լինելը մեծ խնդիրներ է առաջացնում, և այդ ժամանակը պետք է նաև սահմանին ունեցած զոհերի հուղարկավորության կազմակերպման և այլ խնդիրների լուծման համար:

«Պետք է այնպիսի հարված հասցնենք, որ մեր հարևանները հասկանան, որ մենք, հայկական ազգը ուզում է իր հողում ապրի: Էնքան ցավոտ պետք է լինի հարվածը, որ ինքն էլ արդեն ձգտի խաղաղության և ձգտի արդեն դիալոգի», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը:

«Խաղաղություն լինի, հաջողություն լինի, էս ջահելնին մեղք են, բալա: Մեր էրկու տղաս էլ ընդեղ հենա կռվում են: Բա ինչ, վերջանա, էս ղալմաղալը պրծնի, վերջնական պրծնի, Ադրբեջանը մեզանից անջատվի», - ասաց մի կին:

XS
SM
MD
LG