Այսօր ողջ օրվա ընթացքում Ստեփանակերտում մի քանի պայթյունի ձայներ են լսվել:
Առավոտյան ժամը 10։00-ից Ստեփանակերտը նորից ակտիվ հրետակոծվել է Ադրբեջանի կողմից: Պայթյունի ձայները բավականին ինտենսիվ և ուժեղ են եղել։ Երկրորդ հրթիռակոծությունը տեղի ունեցավ ժամը 3-ին: Քիչ առաջ ևս լսելի եղան պայթյունի ձայներ, սակայն դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ են եղել հարվածները:
Այսօր պայթյուններ են եղել նաև Շուշիում, ինչի պատճառով վնասվել են մի քանի բնակելի տներ: Պատճառված վնասներն ամենուր են նկատելի՝ փլված շենքեր, կառույցներ։ Նշենք, որ քաղաքում որևէ ռազմական օբյեկտ չկա, չնայած դրան, Շուշին կրակի տակ է, խաղաղ բնակչությունը պատսպարվում է ապաստարաններում։
Երեկ, հիշեցնենք, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է երկու անգամ թիրախավորվել։ Այսօր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն Ադրբեջանի կողմից իրականացրածը բարբարոսություն որակեց։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից՝ պատերազմական գործողությունները սկսելուց անմիջապես հետո, թիրախավորել էր Արցախի խաղաղ բնակչությանը՝ կրակի տակ պահելով մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Մարտակերտ, Հադրութ քաղաքները և այլ բնակավայրեր։
Պարգև Սրբազանն այսօր անդրադարձավ պատերազմական գործողություններին, միջազգային հանրության լռությանն ու դանդաղկոտությանը․ - «Կարող էին ավելի արագ արձագանքել և կարող էին ավելի կտրուկ արձագանքել, մնանք սպասող»։
Հարցին, թե ինչո՞ւ է արձագանքն ուշանում, Պարգև Սրբազանը պատասխանեց․ - «Կոպիտ բառ ասեմ, թող ոչ ոք չնեղանա՝ քաղաքական առևտուրներ են գնում»։
Ըստ պաշտոնական տվյալների, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածը Արցախում վիրավորվել է 93 քաղաքացիական բնակիչ, կա 20 զոհ, չհաշված Հայաստանի տարածքում 2 զոհը( Մեծ Մասրիկում, Վարդենիսում ): Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր ենթակառուցվածքներ:
Ադրբեջանական կողմն իր հերթին հաղորդում է հայկական կողմից հրետակոծությունների մասին, մասնավորապես Բարդայի շրջանում ավերածությունների, ինչպես նաև տուժածների մասին: Ըստ նրանց, Ադրբեջանը մինչ այժմ ունի 31 քաղաքացիական զոհ, 154 վիրավոր, 133 քաղաքացիական օբյեկտ է վնասվել, 928 տուն: