Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է, որ գիշերը հակամարտության առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռահրետանային հարվածներ: «Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը», - առավոտյան հաղորդել է Արցախի ռազմական գերատեսչությունը:
Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի հրթիռակոծությունը շարունակվել է: Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաքի, Շուշիի, Հադրութի և այլ բնակավայրերի երեկվա հրթիռահրետակոծման հետևանքով կան տասնյակ տուժածներ։
Ադրբեջանական կողմը իր ռազմական կորուստները չի հրապարակում: Բաքուն օրեր առաջ հաղորդել էր ռազմաճակատի որոշ հատվածներում, այդ թվում՝ Մատաղիսի, Ջեբրայիլի շրջաններում իր զորքերի առաջընթացի և հաջողությունների մասին, ինչը հայկական կողմը հերքել է: