Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ


Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա փաստաբանների բողոքն ընդդեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման, որով 2 ամսով կալանքի տակ էր առել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող Ծառուկյանին։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կիսել էր Գլխավոր դատախազության պնդումն այն մասին, որ մեծ ազդեցության լծակներ ունեցող Ծառուկյանը ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։

Արդեն 12 օր կալանքի տակ գտնվող Ծառուկյանը դատարան չէր եկել։ Փաստաբաններն ավելի վաղ ասել էին, որ պատերազմական իրավիճակի պատճառով տրամադրություն չունի։

ԲՀԿ առաջնորդի փաստաբանները վերաքննիչի որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ ատյան։ Փաստաբաններից Երեմ Սարգսյանը հայտարարեց՝ այս որոշումը իրավական չէ, այլ՝ քաղաքական է, բայց չհստակեցրեց, թե ով կամ ովքեր են ազդել դատարանի վրա։ Պաշտպանները կրկին պնդեցին՝ ԱԱԾ-ն որևէ ապացույց չունի։

Ծառուկյանի փաստաբաններն ու քաղաքական թիմի ներկայացուցիչները կրկին պնդեցին, երբ ընդդիմադիր գործիչը սկսեց քննադատել կառավարությանը, պահանջելով նրա հրաժարականը, ԱԱԾ-ում հարուցվեց այս քրեական գործը։

«Ազատության» դիտարկմանը, որ դեռևս այդ քննադատությունից առաջ՝ 2020-ի փետրվարին է ԱԱԾ-ին հայտնի եղել ընտրակաշառքի մասին, փաստաբան Սամվել Դիլբանդյանը պատասխանեց՝ դա կապ չունի, հայտնի լինելուց հետո պետք է հարուցեին, ոչ թե այդ տեղեկությունները պահեին հարմար պահի։

«Ազատության» դիտարկմանը, որ 2017-ին շատերն էին լսում թե՛ ԲՀԿ-ի և՛ թե այլ ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին, ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքեց՝ չի բացառում, որ տարբեր ժամակներում իրենց կուսակցության անվան հետ կապված տարբեր պատմություններ շրջանառվեին, բայց չի եղել որևէ փաստ, որ Ծառուկյանը ներգրավված է եղել նման գործընթացներում։

Հարցին, թե իրենք չեն լսել լսել նման լուրեր ԲՀԿ կողմից ընտրակաշառք բաժանելու մասին, ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը պատասխանեց՝ ոչ։

Թե՛ փաստաբանները, թե՛ Ծառուկյանի թիմակիցները պնդում են՝ պատերազմական այս իրավիճակում Ծառուկյանը պետք է գտնվի ազատության մեջ, որպեսզի ավելի մեծ չափով կարողանա աջակցել զինված ուժերին և օգտագործի միջազգային կապերն Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած այս ռազմական գործողությունները հրապարակայնացնելու համար։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, մինչդեռ, հայտարարում է. «ՀՀ վերաքննիչ դատարանն արդեն երկրորդ անգամ անընդունելի է համարում քրեական գործով մեղադրյալ Գ. Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նրա պաշտպանական թիմի ներկայացրած փաստարկները»:

Նա նաև նշել է. «Մնում ենք այն համոզման, որ այս գործը, դրան առնչություն ունեցող անձանց քրեական հետապնդմանը, խափանման միջոցներին վերաբերող հացրերի քննարկումն ու լուծումը գտնվում են բացառապես քրեադատավարական տիրույթում և պետք է մնան այդ տիրույթում»:

Հիշեցնենք՝ Գագաիկ Ծառուկյանը գլխավոր դատախազի միջնորդությամբ զրկվել է անձեռնմխելիությունից։

XS
SM
MD
LG