Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հակամարտության կարգավորման գործում կարևորել է Մինսկի խմբի դերակատարումը


Ղարաբաղում ռազմական գործողությունները դատապարտող ՄԱԿ-ի հայտարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտական տապալումն է, կարծում է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։

«Այս հայտարարության մեջ խոսվում է Մինսկի խմբի կարևորության մասին և նշվում է, որ Արցախի հետ կապված խնդիրները պետք է քննարկվեն այդ հարթակում», - ասաց պատգամավորը։

Ըստ Զոլյանի, հայտարարության ամենակարևոր ուղերձը հակամարտության խաղաղ կարգավորման գործում Մինսկի խմբի դերակատարման կարևորումն է, մինչդեռ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների տարիների քաղաքականությունն ուղղված է եղել այդ կառույցի թուլացմանը։

«Սա լուրջ հարված է Էրդողանին և Ալիևին, քանի որ վերջին ոչ միայն շաբաթներին և ամիսներին, այլև մյուս տարիներին նրանց ամբողջ ռազմավարությունը կառուցված է եղել Մինսկի խմբին թուլացնելու, Մինսկի խումբը ապալեգիտիմացնելու և ընդհանրապես այս գործընթացը Մինսկի խմբից դուրս բերելու վրա», - նշեց նա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ դատապարտել է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները, կողմերին կոչ արել դադարեցնել բախումները և անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները, հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով` Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Իրականում այս ռազմական նաև իրենց արկածախնդրությունը այդ ռազմավարության պսակն էր, նրանք ուզում էին ցույց տալ, որ տեսեք՝ Մինսկի խումբը չկարողացավ կանխել պատերազմը, Մինսկի խումբն արդյունավետ չէ, պետք է ուրեմն ինչ-որ նոր ձևաչափ ձևավորել։ Բնականաբար, այդ նոր ձևաչափը ենթադրում է, որ Թուրքիան ավելի ակտիվ լինի և այլն», - ասաց Միքայել Զոլյանը։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միջազգային կառույցի հայտարարությունից դժգոհ է։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ անհասցե ու անպտուղ հայտարարություն է։

«Դա խոսում է այն մասին, որ 27 տարի շարունակ փխրուն խաղաղությունը լավ թե վատ պահպանվել է, և մենք հույս ենք ունեցել, որ այդ խաղաղությունը կբերի խնդրի լուծում, սակայն այդ խաղաղ բանակցությունները վերջին հաշվով Ադրբեջանի նախագահի ռազմաքաղաքական հանցագործ էլիտայի շնորհիվ հայտնվել են փակուղու մեջ, որից հետո Ադրբեջանը Թուրքիայի ոգևորությամբ, Թուրքիայի կողմից խորը աջակցությամբ հարձակում է սկսել։ Այսինքն 27 տարի այսպիսի ռազմական գործողություններ չեն եղել, այս ծավալի։ Եղել է ապրիլյան պատերազմ, դրանից առաջ՝ դիվերսիաներ, բայց պատերազմ որպես այդպիսին չի եղել մեծ ծավալով, հիմա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստիպված քննարկում է իրականացրել, որն ըստ էության, մեծ հաշվով որևէ ազդեցություն չունի և նշանակություն», - ընդգծեց Մարուքյանը։

Ղարաբաղյան հակամարտության հարցը վերջին անգամ ՄԱԿ-ում քննարկվել էր 1993 թվականին։ Այս անգամ քննարկումը նախաձեռնել է Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Էստոնիան։ Հարցը ՄԱԿ-ում քննարկման է արժանացել Արցախի սահմանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատճառով։ Բայց հարձակվող Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի մասին՝ ոչ մի խոսք, դժգոհեց ընդդիմադիր պատգամավորը։

«Որովհետև հայտարարությունն ուղղված է կողմերին և ուղղված չէ ագրեսորին, հարձակվողին, մարդատյաց քաղաքականություն վարողին։ Ավելին, նաև հայտարարությունն ուղղված չէ Թուրքիային, կոնկրետ ուղղակիորեն չի մատնանշվում, որ Թուրքիային միջամտում է և խառնվում է այս խնդրին», - ասաց ԼՀԿ ղեկավարը։

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մինչև հայտարարության բովանդակությունը մեկնաբանելը, նախ շեշտեց՝ ավելի մեծ քաղաքական նշանակություն ունեցող որոշումներ, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն են, ոչ մի այլ մարմին չունի։ Այս հայտարարության առանցքային ուղերձը Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը կարևորելն է։

«Հայտարարություն է արել, ըստ որի, նա աջակցում է լիարժեքորեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության գործողությունը և նրա միջնորդական առաքելությունը և խաղաղ կարգավորման ամբողջ գործընթացը կապում է հենց համանախագահության միջնորդական առաքելության հետ, որը շատ կարևոր արձանագրում էր», - նշեց ՀԱԿ փոխնախագահը։

Լևոն Զուրաբյանը հիշեցրեց՝ դեռ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում որոշվեց Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորման մանդատը փոխանցել Մինսկի խմբի համանախագահությանը, ինչը Հայաստանի դիվանագիտական հաղթանակն էր։ ՄԱԿ-ում Հայաստանը ավելի քիչ ազդեցություն ուներ բանակցային գործընթացի վրա, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում որոշումներ կայացնելիս Հայաստանի համաձայնությունը կարևոր է։

«Այստեղ ամենակարևոր մեսիջը այն էր, որ համանախագահությունն է շարունակելու գլխավոր միջնորդական առաքելությունը։ Ի դեպ, շատ պերճախոս հանգամանք է այն, որ ոչ թե բանաձև է ընդունվել, սա էլ է շատ հետաքրքիր, բանաձև չի ընդունվել, ընդունվել է, ըստ էության, մամուլի հաղորդագրություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների կողմից», - ասաց Զուրաբյանը։

Այդուհանդերձ, ըստ Լևոն Զուրաբյանի, որքան էլ կարևոր է ՄԱԿ-ի դերակատարումը միջազգային քաղաքականության մեջ, այս պահին հարցը ռազմի դաշտում է լուծվում։

XS
SM
MD
LG