Մատչելիության հղումներ

Վարդենիսի շրջանի ուղղությամբ հակառակորդի հարվածներից քաղաքացիական անձ է զոհվել. ԱԳՆ


Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ: Այս մասին հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Այսօր առավոտյան նախարարությունը տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար: Հաշվված րոպեներ անց Ադրբեջանի զինուժը հարվածներ է հասցրել Վարդենիսի շրջանի ուղղությամբ, ասված է Արտգործնախարարության նոր հայտարարությունում:

«Արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:

Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր հայկական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների թիվը հասավ 5-ի, ևս 30 մարդ վիրավորվել է:

Հիշեցնենք, Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը և ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG