ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավասարակշռված հայտարարություններով են հանդես եկել, իսկ Թուրքիան լիիրավ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, Իրանը պահպանում է չեզոք դիրք, այս արձանագրումն ասուլիսի ժամանակ արեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
«Ադրբեջանն ասում է` բանակցություններով հարց չի լուծվի, բայց ե՞րբ է Ադրբեջանը բանակցել Արցախի իշխանությունների, Արցախի ժողովրդի հետ, մեզ հետ խոսել են հրանոթի լեզվով, հրանոթի լեզվով էլ պատասխան են ստանում: Ես կարծում եմ` այս պատերազմը, որը Ադրբեջան-Թուրքիան տանդեմն է ուղղված Արցախի դեմ, ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու», - հայտարարեց նա:
Վերջինս խնդրեց համանախագահող երկրներին հաշվի առնել այն փաստը, որ Արցախի իշխանությունները ևս` որպես պատերազմող կողմ, պետք է մասնակցեն բանակցություններին: «Մենք սպասում ենք քաղաքակիրթ աշխարհի կողմից, որևէ պետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, պատերազմի ժամանակ զրոյական փուլ են տեղափոխվում բանակցությունները: Եթե պատերազմը շարունակվեց, ապա Ազգային ժողովը գտնում է, որ Հայաստանի Ազգային ժողովում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարց», - նշեց Արթուր Թովմասյանը:
Ըստ նրա` եթե այդ հարցը քննարկվի ՀՀ ԱԺ-ում, դա զսպաշապիկ կլինի Ադրբեջանի համար: