Հայաստանում սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հայտարարված է ռազմական դրություն։ Դա իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ է ենթադրում։
Հայաստանի ողջ տարածում հայտարարված է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ: Արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
Որոշակի սահմանափակումներ կան նաև տեղեկատվական ոլորտում։ Մասնավորապես կառավարության որոշման հավելվածում կարդում ենք. «Հայաստանում և Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը: Սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ»։
Ինչ պատասխանատվություն է ենթադրում այս կետի խախտումը, պարզաբանում է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը. «Եթե անձը պետական մարմնի պահանջով չի հեռացնում նյութը, ապա նրա նկատմամբ վարչական մարմինը կարող է հարկադրաբար ենթարկել կատարման այդ վարչական ակտը տարբեր միջոցներով, օրինակ, տուգանքներ նշանակելով, գործողությունը այլ անձի կողմից կատարելով, այս բոլոր ընթացակարգերը արդեն օրենքով սահմանված են, այդ իրավական ռեժիմն ապահովող մարմինները, օրինակ, Ազգային անվտանգության ծառայությունը, եթե գտնում է, որ պետական անվտանգության հարց կա, կարող է պահանջել տվյալ անձից հեռացնել նման հրապարակումը»:
Ռազմական դրության ժամանակ պաշտպանության կարիքների համար կարող են օգտագործվել նաև քաղաքացիների անշարժ ու շարժական գույքը։ Հաստատված նախագծով ամրագրված է միայն տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության:
Ռազմատրանսպորտային պարտականությունը տարածվում է նաև անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների վրա, բացառությամբ անձնական օգտագործման թեթև մարդատար ավտոբսների։ Տրանսպորտային միջոց են համարվում մարդկանց՝ կամ բեռ, կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար օգտագործվող մեխանիկական տրանսպորտային միջոցները, այդ թվում` քարշակները, կցորդները, տրակտորներն ու ինքնագնաց մեխանիզմները, մոտոցիկլետները և այլն։
«Պաշտպանության մասին օրենքը նշում է, որ քաղաքացիները օրենքով սահմանված կարգով մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը և այդ պաշտպանությանը մասնակցելու ձևերից մեկն է ռազմական դրության ժամանակ պաշտպանության կարիքների համար իրենց սեփական շարժական կամ անշարժ գույքը տրամադրելը: Իհարկե, այդ դեպքում օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցում տրամադրելու հնարավորություն կա, որը սահմանված է կառավարության որոշմամբ: Այսինքն՝ եթե անհրաժեշտություն լինի նաև քաղաքացիների շարժական և անշարժ գույքն օգտագործել, ապա իրավական հիմքեր կան, ըստ անհրաժեշտության իրավասու մարմինները իրենց կարիքները գնահատելով կարող են նման պահանջներ սահմանել», - նշեց Դադունցը:
Ռազմական դրության մասին երեկ հաստատված նախագծով սահմանված չէ նաև պարետային ժամ, օրենքը, սակայն, նման հնարավորություն տալիս է և անհրաժեշտությունից ելնելով կառավարության համապատասխան որոշմամբ կարող է նաև նման ռեժիմ սահմանվել։ Ի տարբերություն արտակարգ դրության ռեժիմին, ռազմական դրությունը ժամկետային սահմանափակում չունի:
Կառավարության որոշմամբ ռազմական դրության ընթացքում սահմանին մուտքի և ելքի ընդհանուր սահմանափակում չկա։ Բայց այն անձինք, ովքեր ենթակա են զորահավաքային զորակոչի չեն կարող երկիրը լքել առանց համապատասխան թույլտվության։