Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերած կոնֆիդիենցիալ պայմանավորվածություններից` պնդելով, որ իրականում Իլհամ Ալիևն է իրեն անձամբ խնդրել չխոսել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից` դրա դիմաց խոստանալով չխախտել հրադադարի ռեժիմը։
Ադրբեջանական haqqin.az կայքը, օրերս հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, գրել էր, թե իբր Իլհամ Ալիև և Նիկոլ Փաշինյանը կոնֆիդենցիալ շփումներ են ունեցել։ Մասնավորապես, ըստ կայքի, Փաշինյանի անունից բանակցող վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը իբրև թե Ադրբեջանից ժամանակ է խնդրել Հայաստանում ներքաղաքական խնդիրները լուծելու, մասնավորապես ՀԱՊԿ ղեկավար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելու և կալանավորվելու համար` խոստանալով դրանից հետո ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ։ Փաշինյանը մինչդեռ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույից այսօր մի փոքր հատված է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հերքում է ադրբեջանական կայքի տեղեկությունը. – «Կա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէի խոսում կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, ես հիմա կարծում եմ, ճիշտ ժամանակն է դրա մասին խոսել: Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով, և այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը: Եթե հիշում եք, այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, և գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում: Եվ էնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով, դրանից առաջ էլ ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին և փորձում է, այսպես ասած, խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ և որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Եվ Իլհամ Ալիևի շահագրգռվածությունը, որ էնտեղ ինչ-որ համաձայնություն կայանա, մի բանի վերաբերյալ էր. որ ինքը ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ էդ ելույթներից ձեռնպահ մնամ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, ամբողջ աշխարհը, առավել ևս տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգևորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում էր, որ այս ալիքը հեսա շուտով կհասնի Ադրբեջան: Եվ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթները իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում: Եվ Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով մի թղթի վրա, բլոկնոտի վրա, և մենք էդ կետերը քննարկել ենք և արձանագրել ենք, որ մենք էկանք համաձայնության: Ես գո՞հ եմ, որ էդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, թե՞ ոչ: Այո: Որովհետև նախ Ադրբեջանի ներքին հարցերը ամենևին էլ իմ օրակարգի հարցերը չեն: Եվ երկրորդը, դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, և ես դրա համար գոհ եմ»:
Փաշինյանը նաև անհեթեթություն է որակում ադրբեջանական կայքի այն պնդումը, թե վարչապետի անունից 2018-ի ամռանը ադրբեջանական կողմի հետ բանկացել է իր նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։ Ի դեպ, ադրբեջանական կայքը գրել էր, թե ադրբեջանական կողմի հետ հանդիպման ընթացքում Խառատյանը բացեիբաց հայտարարել է, թե ներկայացնում է Փաշինյանին, ով հետաքրքրված է նոր ֆորմատի բանակցություններով և պատրաստ է լուրջ փոխզիջումների` խնդրի կարգավորման նոր մոդելի հիման վրա։
Վարչապետը, մինչդեռ, պնդում է, որ Հայաստանի անունից բանակցելու իրավունք ունեցել են երկու անձ. – «Այդ հրապարակման իմաստն այն էր, որ իբր իմ խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցություններ են վարվել։ Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ: Մեկը Արտաքին գործերի նախարարը, մյուսը՝ ես: Որևէ երրորդ անձ որևէ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել: Եվ դա կատարյալ անհեթեթություն է»:
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հանրային հեռուստատեսությանը տված ծավալուն հարցազրույցը պետք էր հրապարակվեր դեռ երեկ, սակայն վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «երեկվա իրավիճակից ելնելով ճիշտ չեն գտել ամբողջական հարացազրույցը հրապարակել»։ Ակնկալվում է, որ ամբողջական հարցազրույցը կհրապարակվի առաջիկայում։