Այսօր Վատիկանում տեղի է ունեցել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ կէ ատարվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև ձևավորված սերտ հարաբերություններին և տարբեր ոլորտներում առկա գործակցությանը։
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սարձազերծված գործողություններին, որոնց հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության մեջ։
Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Վեհափառը կարևորել է Կաթոլիկ քույր եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ Գարեգին երկրորդը հաստատել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակումով միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը։
Երկու հովվապետերը աղոթք են բարձրացրել խաղաղության վերականգնման համար։
Առավոտյան Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա է գտնվել Սուրբ Պատարագի արարողությանը։ Պատարագիչ Լանզարի արքեպիսկոպոսը, ողջունելով Վեհափառի ներկայությունը սրբազան արարողությանը, մասնակից եկեղեցականներին և հավատացյալներին տեղեկացրել է վաղ առավոտյան վերսկսված հակամարտության մասին։ Լանզարի արքեպիսկոպոսը ներկաների անունից զորակցություն է հայտնել Հայոց եկեղեցուն և հայ ժողովրդին՝ աղոթելով Արցախի և արցախահայության անվտանգ ու ապահով կյանքի վերահաստատման համար, ասված է հաղորդագրությունում: