Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել «ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցերի»:
Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: