Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար Հայաստանը համաձայնագիր է ստորագրել համաշխարհային միասնական գնումների հարթակ-հիմնադրամի հետ։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախատեսում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկային խմբերի մոտ 300 հազար մարդկանց համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ։ Հաղորդվում է, որ պատվաստանյութի ընդհանուր արժեքը մոտավորապես 6 միլիոն 330 հազար դոլար է՝ մեկ դեղաչափի միջինացված արժեքը` մոտ 11 դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։
Նախարարությունը հայտնում է, որ Covid-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է հաջորդ տարի՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հարցին երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ելույթում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «COVID-19-ի դեմ պատվաստանյութերը համաշխարհային նշանակության հանրային բարիք են և պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին՝ առանց խտրականության»:
Իսկ կորոնավիրուսի տարածումը Հայաստանում շարունակվում է. երեկ արձանագրվել է հուլիս ամսից ի վեր ամենաբարձր ցուցանիշը՝ 429 դեպք։ Դրական է եղել իրականացված 4289 հետազոտությունների 10 տոկոս։ Երեկ Covid-ը խլել է քրոնիկական հիվանդություններ ունեցող մեկ մարդու կյանք, կորոնավիրուսով վարակված ևս երկուսը անձ մահացել է այլ պատճառներով։
Երեկ առողջացել է 175 անձ։
Կորոնավիրուսի դեմ պայքարող գլխավոր հիվանդանոցներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում» վերջին 3-4 օրերի ընթացքում հոսպիտալացվածների թվի զգալի աճ է գրանցվել, ասում է բուժկենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
«Այսօր մենք ունենք արդեն որոշակի ծանրաբեռնվածություն, բայց, փառք Աստծո, դեռ ունենք տեղեր, դեռ կարողանում ենք հոսպիտալացնել, բայց եթե այսպես շարունակվի, ինձ թվում է, նորից կվերաբացվեն որոշ կլինիկաներ, որոնք ժամանակի ընթացքում փակվել էին», - ասաց Մանուկյանը:
Այս հիվանդանոցում մոտ 900 մահճակալների 80-85 տոկոսն այս պահին ծանրաբեռնված է։ «Սա բարձր ցուցանիշ է, բայց ընդհանուր առմամբ եթե հաշվի առնենք, որ հիմնականում մնացել են կորոնավիրուսային վարակով աշխատող մի քանի կլինիկաներ, դա նորմալ ցուցանիշ պետք է լինի: Բայց հաշվի առնելով, որ վերջին մի քանի օրում միտում կա վարակվածների և հիվանդների թվաքանակի աճի, դա է անհանգստացնողը», - նշեց փոխտնօրենը:
Հենց «Գրիգոր Լուսավորիչում» են բուժում ստանում կորոնավիրուսի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ամենամեծ թվով անձինք։ Այժմ 160 մարդու վիճակ ծանր է, 35-ինը՝ ծայրահեղ ծանր։ Կորոնավիրուսի տարածումը Մանուկյանը կապում է սահմանափակումների մեղմացման, առավել շատ միջոցառումների անցկացման, մարդկանց ակտիվ շփման հետ։
Համավարակի վիճակագրությունն ուսումնասիրող, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վարակվածների թվի կայուն աճը կապում է և՛ եղանակային պայմաններով, և՛ ուսումնական հաստատությունների բացմամբ, և՛ հակահամաճարակային կանոնների թերի պահպանմամբ:
«Վերջերս ուսումնասիրություններ են հրապարակվել, որտեղ փաստում են, որ այս վարակը, ինչպես ուրիշ վարակներ, ունի սեզոնայնություն և ձմռանն ավելի արտահայտված է: Չնայած, որ դեռ տաք եղանակ է, բայց արդեն փոփոխություններ կան, մարդիկ ավելի շատ փակում են պատուհանները, ավելի իջել է ջերմաստիճանը, և դա նպաստում է վարակի տարածման աճին: Բացի այդ, իհարկե, որոշակի դերակատարություն ունի դպրոցների վերաբացումը և ընդհանուր առմամբ ընկալումը, որ հիմնական ալիքը անցել է, և մարդիկ ավելի քիչ են հետևում կանոններին: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ հիմնականում մարդիկ արդեն իրենց զգոնությունը նվազեցրել են, դա էլ է նպաստում վարակի տարածման աճին», - ասաց Միքայելյանը:
Արդյո՞ք վարակի երկրորդ ալիքն է սկիզբ առնում։ Փորձագետի խոսքով՝ եթե սեպտեմբերի սկզբին նշանները լինելով հանդերձ վաղ էր այդ մասին խոսել, ապա այժմ նման պնդում անել կարելի է. «Արդեն կայուն աճ ունենք 2-3 շաբաթվա ընթացքում նոր դեպքերի թվի, և սա արդեն որևէ պատահականություն չէ: Կարծում եմ, որ վարակի տարածումն արդեն թույլ է տալիս ենթադրել, որ երկրորդ ալիքը կա, չնայած մի քիչ դժվար է պատկերացնել՝ ինչ աստիճանի այն կլինի, ինչպես կտարածվի, բայց հաշվի առնելով, որ նույնիսկ հունիսին մենք ունեցանք այն պայթյունը, ապա տվյալ դեպքում ձմռանը կարող է վիճակը բավականին բարդ լինել»: