Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք. Փաշինյան


Կառավարության նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում իրավիճակը կրկին սրվել է. այսօր կառավարության նիստը նման հայտարարությամբ բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա ընդգծեց, որ իշխանությունների դիրքորոշումը նույնն է՝ պետք է ապրել կորոնովիրուսի հետ զուգահեռ, շատ բան կախված է յուրաքանչյուրի պատասխանատվությունից, բայց միաժամանակ պետք է խստորեն կիրառվեն վարչական մեթոդները. – «Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված մենք կրկին իրավիճակի սրում ունենք` երեկ ունեցել ենք 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից: Ինչի՞ հետ է կապված: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժունակության ավելացման հետ»:

Եթե դիտարկենք Հայաստանի Հանրապետությունում թեստավորված անձանց քանի տոկոսի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել, ապա տեսնում ենք, որ հունիսից հետո այդ թիվը շարունակ նվազում է։ Մարտ 1-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, և մարտ ամսվա ընթացքում թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցության միջին օրական թիվը կազմել է 18,2 տոկոս, ապրիլին՝ 9 տոկոս, մայիսին՝ 19,5 տոկոս, հունիսին՝ 30,2 տոկոս, հուլիսից այդ թիվը սկսեց նվազել՝ 24,5 տոկոս, օգոստոսի թիվն է՝ 12 տոկոս, դե իսկ սեպտեմբերի 23 օրերին այդ թիվը կազմել է 6,9 տոկոս։

Բայց ինչո՞ւ են անհանգստացած իշխանությունները: Որովհետև եթե դիտարկենք օրերով, ապա տեսնում ենք, որ եթե սեպտեմբերի առաջին կեսին թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցության թիվը շարունակ նվազում էր, և օրինակ սեպտեմբերի 13-ին այն կազմեց ընդամենը 4 տոկոս՝ ամենացածր ցուցանիշը, ինչ Հայաստանում արձանագրվում են կորոնավիրուսի դեպքերը, ապա հասնելով այդ ամենացածր կետին՝ թիվը սկսեց աճել, և նախորդ երկու օրերին՝ սեպտեմբերի 22-ին ու 23-ին այն կազմեց, համապատասխանաբար, 9,3 տոկոս ու 9,5 տոկոս։

«Մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր՝ կարմիր գիծն այն է, երբ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն: Այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել: Իհարկե, հուլիսին մենք ծավալել էինք հիվանդանոցային շատ մեծ կարողություններ: Հիմա այդ կարողությունների մեծ մասն արդեն վերադարձել են իրենց նախկին բնականոն վիճակին, բայց նաև պատրաստ են ցանկացած պահի ետ վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը», - նշեց վարչապետը:

Դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք այս պահի դրությամբ հիվանդանոցային լրացուցիչ կարողությունների ծավալման կարիք կա։

Թորոսյանն ասաց. – «Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես ծավալած 1230 սովորական և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտավորապես 30 տոկոսը դեռևս մնում է ազատ, այսինքն՝ ազատ մահճակալներ շատ կան: Ընդհանրապես մոտ 20 բժշկական հաստատություններից այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում է միայն դրա համար նախատեսված 5 հիվանդանոց և ևս 3-ը նեղ մասնագիտացված՝ շատ փոքր թվերով, երեխաների, նորածինների և հղիների համար: Սակայն, ինչպես Դուք նշեցիք, այո, և, ի սկզբանե էր այդպես պլանավորված, ցանկացած պահի կամ 1-2 օրվա մեջ, երբ իրավիճակը կրկին կտրուկ կսրվի, մենք կարող ենք ամբողջ ռեսուրսը, որը ցանկանում եմ հիշեցնել՝ մոտավորապես 2700-2800 սովորական մահճակալ էր և 300 վերակենդանացման, նորից կարող է գործի անցնել»:

Առողջապահության նախարարի խոսքով, դպրոցների վերաբացումը մեծացրել է կորոնավիրուսի տարածման ռիսկը. – «Մենք դեռևս չենք պայմանավորում դպրոցներով, դեռևս, որովհետև դպրոցները բացվել են 10 օր առաջ: Բայց եթե մոտակա մեկ շաբաթվա մեջ կտրուկ, սրանից էլ ավելի աճ լինի, արդեն կապելու ենք դպրոցների հետ, և խոսքը միայն դպրոցի ներսում եղած փոխանցման մասին չէ: Դպրոցները և ուսումնական հաստատությունները մեր բնակչության զանգվածային շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից են՝ աշխատանք և ուսում, ինչը փաստացի չկար երկար ժամանակ, և դա մենք ավելացրել ենք՝ իհարկե, գնահատելով ռիսկերը»:

Այսօր Կառավարությունը նաև հավանություն տվեց Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրմանը, ըստ որի Բրյուսելը 30 միլիոն եվրոյի աջակցություն է ցուցաբերելու Երևանին կորոնովիրուսի հետևանքների դեմ պայքարում։

XS
SM
MD
LG