Մատչելիության հղումներ

Ալիևը կրկին դժգոհում է Մինսկի խմբի համանախագահ երկրներից


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին դժգոհում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից «ապարդյուն գործունեության» համար:

Հեռավար ելույթ ունենալով Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում` Ադրբեջանի ղեկավարը նորից պնդել է. - «Բանակցությունները չպետք է անցկացվեն միայն հանուն բանակցությունների, դրանք պետք է լինեն նպատակային և բովանդակային: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները իրենց հայտարարություններում շեշտել են, որ ստատուս քվոն անընդունելի է, մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, բայց դրանք բավարար չեն, մեզ պետք են գործողություններ»:

Իլհամ Ալիևը սրտնեղել է նաև, թե Հայաստանը այս տարվա հուլիսից մինչև սեպտեմբեր ավելի քան մեկ տոննա ռազմամթերք է ստացել։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը, չունի միլիարդավոր դոլարներ սարքավորումներ ձեռք բերելու համար, մենք ենթադրում ենք, որ Հայաստանն այդ բեռներն անվճար է ստացել։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին ձեռնպահ մնալ Հայաստանին զենք մատակարարելուց»,- առանց փաստարկներ բերելու և առանց անուններ նշելու հայտարարել է Ադրբեջանի նախագահը, ով ինքն է մշտապես պարծենում Բաքվի կողմից ձեռք բերվող թանկարժեք սպառազինությամբ՝ ներկայացնելով այն որպես հաղթական ձեռքբերում։

Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս Ադրբեջանի առաջնորդը նաև կոչ է արել ՄԱԿ-ին «նոր օրակարգ նախապատրաստել Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու համար»: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել և չի լինի բանակցությունների առարկա։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»,- հայտարարել է նա:

ՄԱԿ-ին ուղղված իր ծավալուն ելույթի առյուծի բաժինը առաջին խոսքերից սկսած նախագահ Ալիևը նվիրել է Հայաստանին՝ հնչեցնելով կոշտ քննադատություն և մեղադրանքների տարափ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի իշխանությունների հասցեին։

Իլհամ Ալիևը, ով հերոսի կոչում է շնորհել Հունգարիայում հայազգի սպա կացնահարած Ռամիլ Սաֆարովին, պնդել է, թե Հայաստանը հերոսացնում է ահաբեկիչների, առանց ապացույցներ վկայակոչելու խոսել է Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային մակարդակով փողերի լվացման մասին` երբեք որևէ կերպ չանդրադառնալով կամ չպարզաբանելով իր ու ընտանիքին վերագրվող միլիարդավոր դոլարների լվացման փաստերը, որոնք տարիներ շարունակ հետաքննության առարկա են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից։

Հորից իշխանությունը ժառանգած նախագահ Ալիևը, ով մի քանի անգամ խմբագրել է երկրի մայր օրենքը, փորձագետների պնդմամբ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և կնոջը փոխնախագահ դարձնելու նպատակով օգտագործելով աշխարհի ամենահեղինակավոր այդ ամբիոնը, անհանգստություն է հայտնել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, ահազանգել «ճգնաժամի» մասին։

Նա չի թաքցրել մտահոգությունը հարևան Հայաստանի նախկին երկու նախագահների դեմ հարուցված քրեական գործերի կապակցությամբ, քննադատել է Փաշինյանի կառավարությանը «Հայաստանում մարդու իրավունքների համատարած ոտնահարումների» համար, այդ ենթատեքստում հիշատակել իր ընդդիմախոսներին բռնաճնշումների ենթարկելու համար ամենօրյա ռեժիմով իրեն քննադատող միջազգային իրավապաշտպան կառույցներին` Human Rights Watch-ին, Amnesty İnternational-ին, Freedom House-ին, որոնք ըստ Ադրբեջանի ղեկավարի` աչք են փակում հայաստանյան իշխանությունների արարքների վրա:

Փոխարենը Իլհամ Ալիևը տասնամյակներ շարունակ նախ հոր, ապա իր և կնոջ կողմից ղեկավարվող Ադրբեջանը ներկայացրել է որպես գերզարգացած, բարգավաճող, ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող երկիր, որն արդեն նաև Տիեզերական միջազգային ակումբի անդամ է։

XS
SM
MD
LG