Մատչելիության հղումներ

Ռուսական մամուլը շարունակում է պնդել՝ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել սիրիացի զինյալների


Սիրիա - Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազատ բանակի» զինյալները Աֆրինում, արխիվ
Սիրիա - Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազատ բանակի» զինյալները Աֆրինում, արխիվ

Ռուսաստանյան մամուլը շարունակում է համառորեն պնդել՝ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել սիրիացի զինյալների՝ համալրելու հայ-ադրբեջանական սահմանին փաստացի գոյություն ունեցող թուրքական ռազմակայանը: Այդ մասին հերթական մանրամասներն է հրապարակել ռուսաստանյան անկախ պարբերականներից մեկը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Անկարան Ադրբեջան է ուղարկել 500 սիրիացի զինյալների՝ հիմնականում էթնիկ թուրքոմաններ «Սուլթան Մուրադ», «Սիրիական ազատ բանակ» և «Համզաթ» զինված խմբավորումներից։ Պարբերականի աղբյուրները պնդում են, որ տեղեկատվությունը ստուգվում է, և առավել հավանական է, որ այն համապատասխանում է իրականությանը:

Թերթը հիշեցնում է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան բախումներին հաջորդած Բաքվի ցույցը, որի մասնակիցները Թուրքիային կոչ էին անում «փրկել Ադրբեջանը հայերից և ռուսներից»։ Թուրքիայի դրոշը ծածանելով՝ ցուցարարներն Իլհամ Ալիևից պահանջում էին «թուրքական ռազմակայան տեղակայել երկրում և վրեժ լուծել հայերից»։ Թուրքական հեռուստաընկերությունները ցույցերի այդ կադրերն ակտիվորեն շրջանառում էին, պաշտոնական Մոսկվան, սակայն, որևէ կերպ չէր արձագանքել դրան։

«Նեզավիսիմայա գազետա»-ն մեջբերում է ռուսաստանցի արևելագետ Իգոր Դմիտրիևի խոսքերը. - «Ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Թուրքիան փաստացի ռազմակայան է ստեղծել Ադրբեջանում, և վերջին զորավարժություններից հետո Անկարան Ադրբեջանում է թողել իր զորքի մի մասը, ինչպես նաև F-16 օդանավերն ու դրանց անձնակազմերը»։

Թուրք քաղաքագետ Էնգին Օզերը, ում ակտիվորեն վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները , հաստատում է. - «Թուրքական զինվորականները մինչ այդ էլ ներկայություն ունեին Նախիջևանում, ինչո՞ւ նրանց չտալ պաշտոնական կարգավիճակ, չէ՞ որ դրա համար իրավական խոչընդոտներ չկան»։

Ընդամենը մի քանի տարի առաջ, ինչպես նշում է «Դեյլի Սաբահ» թուրքական պարբերականը, Թուրքիան իր սահմաններից դուրս ռազմակայան չուներ՝ բացառությամբ փոքր ռազմական ներկայության Կիպրոսի մի հատվածում։ Այսօր, սակայն, Թուրքիան արդեն ռազմակայաններ ունի Սոմալիում, Կատարում, Իրաքում և Սիրիայում:

Ադրբեջանում Թուրքիան ռազմական ներկայություն չունի, հակադարձում է պաշտոնական Բաքուն՝ կտրականապես հերքելով նաև երկրում սիրիացի գրոհայինների ներկայության մասին «Նեզավիսիմայա գազետա»-ի պնդումները։

Այսօր հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը: «Պաշտոնապես հայտարարում ենք՝ երկրի տարածքում չկան օտարերկրյա պետությունների ռազմակայաններ կամ այլ ապօրինի զինված խմբավորումներ», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:

Թուրքիայի նախաձեռնությամբ սիրիացի զինյալներին Ադրբեջան ուղարկելու մասին խոսակցություններ սկսեցին ակտիվորեն շրջանառվել հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների ֆոնին։ Մի քանի շաբաթ անց Ադրբեջանում տեղի ունեցան թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորախաղեր: Դրանց մեկնարկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել թուրք գործընկերոջ` Ռեջեփ Էրդողանի հետ ու, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծել «լարվածության սրացմանը նպաստող որևէ գործողություն թույլ չտալու կարևորությունը»:

Իլհամ Ալիևն, իր հերթին, պնդել էր, թե այդ մտահոգությունները զուր են: «Այս վարժանքներն անհանգստություն են առաջացնում որոշ երկրներում, սակայն դրանց համար հիմքեր չկան: Սա թուրք-ադրբեջանական միասնության հերթական դրսևորումն է», - հայտարարել էր Ադրբեջանի առաջնորդը՝ ընդգծելով, որ առաջիկայում Թուրքիան կարող է դառնալ իր երկրի թիվ մեկ գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

XS
SM
MD
LG