Մատչելիության հղումներ

ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը դադարեցվել է


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ուսումնական գործընթացը դադարեցվել է: Երեկ տարածած հաղորդագրությամբ բուհի ռեկտորատը տեղեկացնում է՝ որոշումը կայացվել է կոլեկտիվի մեծամասնության համաձայնությամբ, ու դասերը չեն վերսկսվի, քանի դեռ հուլիսի 17-ին ռեկտորի ընտրություններում հաղթած Դիանա Գալոյանը Կառավարության կողմից չի նշանակվել ռեկտորի պաշտոնում:

«Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ձեր հանդեպ և հայցելով ձեր ներողամտությունը, հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ձեր շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով: Հանձն ենք առնում լրացնել բոլոր բաց թողնված դասաժամերը», - ասված է բուհի ռեկտորատի և ուսխորհրդի համատեղ հայտարարությունում:

Այս պահին բուհի ղեկավարման պարտականությունները պաշտոնապես դրված են համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանի վրա: Վերջինիս խոսքով՝ օրենքն է պահանջում ընտրություններում հաղթողին նշանակել պաշտոնում:

«Կոլեկտիվն էլ ըմբոստանում է: Ամեն դեպքում, երկու տարուց ավել է՝ համալսարանը դե յուրե ռեկտոր չունի, որովհետև համալսարանը անընդհատաբար ղեկավարվել է պաշտոնակատարների կողմից, իսկ էդ պարագայում, բնական է, որ պաշտոնակատարը երկարաժամկետ ռազմավարություն չի կարող ներկայացնել, հաստատել, ավելի երկար ժամանակի տեսլական ունենալ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գրիգորյանը:

Ռեկտորի ընտրության օրը՝ հուլիսի 17-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) չեղյալ համարեց Գալոյանի գիտական աստիճանը: Ըստ ԲՈԿ-ի՝ Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ ու արտագրություններ: Արդյոք սա է պատճառը, որ բուհը դեռ ռեկտոր չունի, կրթության նախարարությունը դեռ չի պարզաբանել:

Լրատվամիջոցները գրում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ այլ որոշում է կայացրել, և դա է պատճառը, որ ռեկտորը դեռ պաշտոնապես նշանակված չէ:

Տնտեսագիտականի մի շարք ուսանողներ ու շրջանավարտներ սոցիալական ցանցերում ահազանգում են՝ համալսարանի ղեկավարությունը դասապրոցեսը դադարեցնելով ոտնահարում է իրենց շահերը:

Նրանցից մեկը՝ Վերա Համբարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դա անթույլատրելի է. - «Ուսանողները սրան դեմ են, իսկ ինչին դեմ են ուսանողները, առհասարակ չի կարող դրա հակառակ և ավելի վատ դրսևորումը որևէ կերպ ուսանողների շահերը պաշտպանել: Նշեմ նաև, որ սա նաև համալսարանի աշխատակիցների մեծամասնության կարծիքը չի իրականում, ուղղակի համալսարանի ղեկավարության կողմից պարտադրված ակցիա է»:

Համբարյանն ընդգծում է՝ ուսանողներն ուսման վարձեր են վճարել ու հիմա կանգնել են փաստի առաջ, շատերն էլ մարզերից եկել են Երևան, տուն են վարձել, բայց դասի չեն գնալու:

Համալսարանից էլ արձագանքում են՝ վարձավճարների հարցում փոխզիջման չեն գնա, բայց խոստանում են բաց թողած դասերը լրացնել:

Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնի շուրջ կոնֆլիկտն էր նաև ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանի հրաժարականի պատճառը: Նա նշել էր, որ ռեկտորի պաշտոնին հավակնող Դիանա Գալոյանը հովանավորվում է կրթության նախարարության որոշ ներկայացուցիչների կողմից: Այդուհանդերձ, հրաժարականից 4 ամիս հետո էլ Գոգյանը շարունակում է պաշտոնավարել, քանի որ վարչապետը դեռ չի ստորագրել նրա հրաժարականի դիմումը:

XS
SM
MD
LG