Մատչելիության հղումներ

Գոգյանի հայտարարության մասով Արայիկ Հարությունյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարությանը:

«Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։

Այսինքն՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք»,- գրել է նա` նշելով, որ իրավապահ մարմիններն իր այս գրառումը պետք է դիտարկեն որպես հաղորդում հանցագործության մասին, ձեռնարկեն համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ, առավել ևս նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։

«Եվ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը»,- գրել է նա։

Մայիսի 14-ին Սմբատ Գոգյանը հայտնել էր ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման որոշում կայացնելու մասին:

XS
SM
MD
LG