Ալեքսեյ Նավալնին պահանջել է վերադարձնել հագուստը, որով եղել է իր թունավորման օրը, քանի որ դա ամենակարևոր ապացույցն է, իսկ նախնական քննության համար օրենքով հատկացված 30 օրը լրացել է, և քրեական գործ չի հարուցվել:
«Ես պահանջում եմ, որ հագուստս զգուշորեն փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և վերադարձնեն ինձ: Իսկ հետո կարող եք շարունակել քննարկել թոք շոուներում, թե ես շաքարախտի նոպա եմ ունեցել, և դա, ամենայն հավանականությամբ, իմ դեմ կազմակերպել են Հակակոռուպցիոն հիմնադրամի աշխատակիցները», - հայտարարել է ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդը:
Նավալնիի թունավորումից արդեն մեկ ամիս է անցել: Կրեմլի 44-ամյա քննադատի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին Օմսկում, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, թե անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որոնց համաձայն՝ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով: