Միացյալ Նահանգները միակողմանիորեն կրկին վերականգնել է Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները: Ավելի վաղ Վաշինգտոնին եվրոպական դաշնակիցները փորձում էին ետ պահել այդ քայլից` կասկածի տակ դնելով դրանց արդյունավետությունը:
«Եթե ՄԱԿ-ի անդամ պետությունները չեն կարող իրականացնել իրենց պարտականությունները այդ պատժամիջոցների կիրառման հարցում, ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել իր ազգային մեխանիզմները նպատակին հասնելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:
Վաշինգտոնից հնչող այդ հայտարարություններին ի պատասխան Իրանի իշխանություները կոչ են արել մյուս պետություններին համախմբվել Վաշինգտոնի «անխոհեմ գործողությունների» դեմ: Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Սայեդ Խաթիբազեն հայտարարել է, որ Թեհրանը մյուս երկրներից պատասխան քայլեր է ակնկալում ԱՄՆ-ի որոշման դեմ։
ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները վերականգնելու դրույթն ամրագրված է Միջուկային պայմանագրում, որը 2015 թվականին ստորագրել են Իրանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, և այդ բանակցությունների ակտիվ մասնակից Գերմանիան: 2018 թվականի մայիսին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս է գալիս Իրանի և աշխարհի գերտերությունների միջև մոտ երեք տարի առաջ կնքված պատմական համաձայնագրից՝ «նոր թափով վերականգնելով» Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները, ինչպես նաև սպառնալով պատժել այն երկրներին և ընկերություններին, որոնք տնտեսական համագործակցություն կծավալեն Թեհրանի հետ: